Սիլվա Վերդիյանը պատերազմների ընթացքում կորցրել է ամուսնուն, հորը, իսկ 44-օրյայի ժամանակ՝ կրտսեր որդուն
Ես էն գլխից էլ կյանք չեմ տեսել։ Երեխուս ի՜նչ չարչարանքով պահեցի, մեծացրեցի, գնաց, զոհվեց: 50-ամյա Սիլվա Վերդիյանից Արցախյան պատերազմները տարբեր տարիներին խլել է ամուսնուն, հորը, ամիսներ առաջ էլ՝ կրտսեր որդուն։ Սիլվան ասում է՝ վերջին պատերազմից հետո կյանքն ավարտված է իր համար։
Սիլվա Վերդիյանը Ստեփանակերտ քաղաքից է։ 22 տարեկան է եղել, երբ ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Սիլվան մենակ է մեծացրել երկու անչափահաս երեխաներին։ Երազում էր, որ երեխաները երջանիկ լինեն, լավ ապագա ունենան։
Սիլվայի կրտսեր որդին՝ Նարեկ Սաֆարյանը, պատրաստվում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գնաց կռվելու ու այդպես էլ չվերադարձավ։
Մայրն ասում է՝ ամուսնու և հոր կորստյան հետ մի կերպ կարողացել էր համակերպվել, բայց որդու ցավն ուրիշ է ու անդիմանալի։
«Երեխունը մի ուժեղ բան ա։ Չեմ կարա համակերպվեմ, էնքան էսպես կմնամ, մինչև մահանամ, իրան տեսնեմ»,- արցունքների միջից ասում է 50-ամյա կինը։
30-ամյա Նարեկ Սաֆարյանը սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա կրթությունը շարունակել ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ՀՕՊ բաժնում, գերազանց գնահատականներով ավարտելուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ՀՕՊ զորամաս՝ աշխատելով որպես մարտկոցի հրամանատար:
Սիլվայի երկու տղաներն էլ սեպտեմբերի 27-ից առաջնագծում էին։ Նարեկը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:
Մայրն ասում է՝ քառօրյայի ժամանակ աղոթում էր, որ տղային ոչինչ չպատահի, շատ էր ուրախացել, որ տղան ողջ-առողջ վերադարձել էր, բայց ուրախությունը երկար չտևեց․ «Ասում էի՝ Աստված ջան, ոչ մի բան չպատահի, երեխեքին պահես, էս մեկը չգիտեմ ինչ եղավ, գնաց, չեկավ։ Էնքան ման ենք եկել, ասել ենք՝ միգուցե վիրավոր ա, ասում էի՝ Աստված ջան, գուցե ձենը մի տեղից դուրս գա, ինչ կլինի, բայց ԴՆԹ-ի պատասխանն եկավ»։
Սիլվան պատմում է, որ վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 28-ին, հոկտեմբերի 29-ի առավոտյան տղան զանգերին արդեն չէր պատասխանում․
«Արթնացել եմ, էնքան եմ զանգել, հեռախոսն անհասանելի էր, ասեցի՝ էս երեխու գլուխը ոնց որ տեղը չի, որ չի պատասխանում, էս ի՞նչ ա պատահել: Մյուս տղայիս զանգեցի, ասեցի՝ երեխուց խաբար չկա: Տղես ասեց՝ մամ, հեսա կհետաքրքրվեմ… Էդ օրը բան չասեցին, ամսի 30-ին էլ բան չասեցին, 31-ին կեսօրին իմացանք, որ 29-ի գիշերը իրանք վառվել են ԱԹՍ հարվածից»,- հուզվում է մայրը։
Ասում է՝ որդին անճանաչելի է եղել, ամբողջովին այրվել է, տղայի իրերից ոչինչ անգամ չի պահպանվել որպես հուշ։ Տղայի ինքնությունը հնարավոր է եղել միայն ԴՆԹ-ով պարզել՝ զոհվելուց 21 օր անց։
Նարեկը համեստ, հանգիստ, ընկերասեր, ընտանիքին նվիրված էր, մոր հետ շատ կապված: «Ոնց որ ինքը էս տանը մեծը լիներ, առանց իրա ոչ մի բան չէինք անում, ինքը պիտի ասեր՝ ինչ անենք, ոնց անենք»,- կսկիծով հիշում է մայրն ու ասում՝ կարոտը խեղդում է։
«Իր շարժուձևը աչքիս դեմն ա, իմ երեխուս շատ եմ կարոտում»,- ասում է մայրը ու նշում, որ տղայից հետո կյանքը լրիվ փոխվել է։
«Կյանքը լրիվ իմ համար կանգնած ա, չեմ ուզում մեկի հետ շփվեմ։ Գնալուս տեղը իրա գերեզմանն ա։ Թեկուզ թոռնիկ ունեմ, մեծ տղայիս երեխան ա՝ 1․5 տարեկան, սիրելի թոռնիկ ա, բայց մեկ ա, ոչ մեկն իրա տեղը չի կարա լրացնի»,- ասում է որդեկորույս մայրը։
Սիլվան ասում է, որ չաբաստիկ պատերազմը այդպես էլ չթողեց հասկանալու՝ ի՛նչ է երջանկությունը։ Հիմա իր միակ ցանկությունն է, որ միակ որդին հաջող կյանք ունենա, ոչինչ չպատահի նրան, իսկ ինքը մինչև կյանքի վերջ չի համակերպվելու կրտսեր տղայի կորստյան հետ։
«Հիմա մի հատ երեխա ա մնացել ինձ, ոչ ամուսին ունեմ, ոչ հայր, ոչ քույր: Իմ էս երեխովս եմ ապրում, Աստված տա՝ հաջող ապրի, իրա երեխուն մեծացնի, ինձ համար կյանք չկա»: