Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Անմահ հերոս Վազգեն Ղարիբյան

Օգոստոսի 15, 2024

Ամռանը Վազգենը  զորակոչվել էր բանակ, երդվել՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Վազգեն Վիգենի Ղարիբյանը ծնվել է 2002 թվականի մարտի 26-ին Երևանում։ Սովորել է Երևանի համար 86 հիմնական դպրոցում, հաճախել է լողի, ծանրամարտի, թենիսի, սիրում էր սպորտ, փորձում էր տարբեր մարզաձևեր։ Աշխատում էր ընտանեկան վարդերի ջերմոցում, որն ինքն ու եղբայրն էին ստեղծել։ Երազում էր սեփական ֆերման բացելու մասին։

-Չնայած մարմնի չափերին, ինքը մեր պուճուրն էր,- պատմում է Վազգենի քույրը՝ Ռուզաննա Ղարիբյանը։
Նրան հիշում են, որպես մեծ սրտով, հումորով տղա,ասում են` սիրում էր պարել, վրացական պարերի սիրահար էր, կիթառ էր նվագում։Սիրած աղջիկ ուներ և ուզում էր բանակից գալուց հետո ամուսնանալ։ Քույրը՝ Ռուզաննան, պատմում է՝ շատ-շատ էր սիրում իր Ամինային։

Մեծ եղբայրը կռվել է ապրիլյան պատերազմում, Վազգենը եղբորն ասում էր՝ զգույշ կլինես, քեզ լավ կնայես, Արցախյան երկրորդ պատերազմում էլ ինքն էր առաջնագծում. «Եթե մեռնել՝ բոլորով, ի՞նչ վախենալ» կարգախոսով։Հաճախ էր կրում ավագ եղբայրների համազգեստը, իրեն լավ էր զգում։ Եղբորը երկօրյա այցի ժամանակ էլ ասել է՝ դու գնա, ես կմնամ, քո տեղը կծառայեմ։ Համավարակի պատճառով զորակոչի հետ կապված խնդիրներ կային, խուճապի էր մատնվել ու ուզում էր հնարավորինս շուտ անցնել ծառայության։

Ասում են, որ բանակ մեկնել է մեծ ոգևորությամբ։ Ծառայությունն անցել է Որոտանում (Կուբաթլու), բայց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ջրականում (Ջեբրայիլ) է եղել։

Վերջին անգամ Վազգենի հետ խոսել են հոկտեմբերի 1-ին, հաջորդ օրը հերոսն անմահացել է։
Մարտական ընկերը հարազատներին պատմել է, որ ջուր չեն ունեցել, երեք հոգով գնացել են հրամանատարական կետից ջուր բերելու, երկուսը կռացել են ջուր վերցնելու, իսկ ինքը մնացել է կանգնած։ Պատմում են, որ արկը ընկնելիս հենց Վազգենին դիպչել և իր անշնչացած մարմնով փրկել է կռացած ընկերոջը` ընկնելով նրա վրա և ծածկելով նրան։
Մինչև ծառայությունը հաճախ էր գնում Եռաբլուր, որտեղ էլ հենց հարազատները վերջին հրաժեշտը տվեցին Վազգենին։

banak.info