Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Միշտ ներկա

Սեպտեմբերի 06, 2024

Օրերս Ռուբեն Միրոյանի անվան N77 հիմնական դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա գոյամարտում հերոսացած դպրոցի շրջանավարտներին:

«Միրոյանցիներ՝ Սարգիս, Սմբատ, Վահե, Պարգև, Սլավիկ, Մելքոն…Կյանքով լեցուն, կյանքն այդքան սիրող տղաները կյանքը տվեցին հայրենիքին. քաջերի արարքներն ավելի խոսուն են, քան բազմաթիվ խոսքերը,- ասում է դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյանը:- Մենք՝ ուսուցիչներս, պետք է շարունակենք դաստիարակել սերունդ, որն այս տղաների նման կսիրի իր հայրենիքը, իր երկիրը: Ասում են՝ Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես կսիրես մորդ, որին չես լքի, չես դավաճանի, չես մոռանա… Այս աշակերտները հենց այդպես էլ վարվել են: Հիշենք, մեծարենք հայրենիքին կյանքը նվիրաբերած բոլոր քաջորդիներին: Կարողանանք ճիշտ նայել ապագային, հաստատենք մեր ապագա անելիքները, պարտականությունները, որոնք, անկասկած, ուղղված կլինեն խաղաղության կառուցմանը, արժեքների վերանայմանը, պատերազմի արհավիրքների վերացմանը…»։

Աշակերտները ներկայացնում էին մարտերում հերոսացած տղաների անցած կարճ, սակայն իմաստալից կյանքը, ուսուցիչներն արցունքոտ աչքերով, անհուն հուզմունքով պատմում էին իրենց սաներից, որոնց, գիտելիքից զատ, իրենց հոգու լույսն ու ջերմությունն են տվել:

Սլավիկ Իշխանյանը Ռ.Միրոյանի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժինը և զորակոչվել բանակ: Ծառայում էր Արցախում, վարորդ էր։ Պատերազմի ժամանակ, ծնողներից գաղտնի, ինքնակամ տեղափոխվել է մարտերի կիզակետ:

Պատերազմի ժամանակ մայրիկի հետ խոսելիս միշտ հուսադրում էր. «Գալու եմ, մա՛մ ջան, չմտածես, գալու եմ բիզնեսով զբաղվեմ, պապային օգնեմ, թեւութիկունք լինեմ»:

Հոկտեմբերի 11-ին վաշտի զինվորներին մարտական գործողության տեղափոխելիս ընկել են շրջափակման մեջ, և բոլորը զոհվել են… Ականատեսները պատմում են, որ Սլավիկին հաջողվել է դուրս գալ շրջափակումից, շարժվել է դեպի մեր դիրքեր, սակայն ճանապարհի կեսից շրջվել, հետ է գնացել՝ ընկերներին օգնության, և ընկերների հետ էլ անմահացել…

Ծառայության ավարտին ընդամենը երեք ամիս էր մնացել…

Պատմում է դասղեկը` Սիրուն Ավագյանը. «Սլավը լավ էր սովորում, ստուգողականների ժամանակ միշտ իր գրավորը թողած՝ բոլորին օգնում էր, ու պատահում էր՝ իր աշխատանքը չէր հասցնում լիարժեք կատարել եւ ցածր էր ստանում: Ասում էի՝ դու քոնը ավարտիր, նոր գոնե մյուսներին օգնիր, ժպտում էր, ու հաջորդ անգամ կրկնվում էր այդ ամենը: Երբ տեղեկացա, թե ինչպես է Սլավը զոհվել, որ կարող էր փրկվել, բայց գնացել է ընկերներին օգնելու, անկեղծ ասած՝ չզարմացա: Դա իր բնույթն էր, իր էությունը…»:

Սարգիս Սարիբեկյանը դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո 2007 թ. ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: 2008-2010 թթ. ծառայել էր բանակում: Ծառայության ընթացքում աչքի էր ընկել կարգապահությամբ, բարձր պատրաստվածությամբ՝ հրամկազմի կողմից բազմիցս խրախուսվել էր պատվոգրերով: Սարգիսն աշխատում էր «Հայբիզնեսբանկում»: Էքստրեմալ տուրիզմի սիրահար էր, զբաղվում էր լեռնագնացությամբ: Շատ էր սիրում հայրենի բնաշխարհը, ասում էր՝ յուրաքանչյուր հայ պետք է լավ իմանա, ճանաչի, բացահայտի հայրենի բնօրրանի ամեն գողտրիկ անկյունը:

Երբ վտանգվեց հայրենի եզերքի խաղաղությունը, առանց հապաղելու մեկնեց առաջնագիծ:

Սարգիսը լեռներ էր սիրում, բարձունքներ, ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր, որ անառիկ պահեց կյանքի գնով:

Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին…

«Սարգիսն այնքան զուսպ էր, համեստ, կիրթ, հավասարակշռված, երբեք նրան բարձրաձայն խոսելիս չէիք տեսնի, քաղաքավարության մարմնացում էր,- հիշում է ուսուցիչը։- Չափազանց պարտաճանաչ էր, պատասխանատու, բայց պատահում էր՝ երբեմն ուշանում էր դասից: Պարզվեց՝ առավոտյան ինքը ժամանակին էր գալիս, սակայն այնքան քաղաքավարի էր, որ դպրոցի մուտքի մոտ դուռը պահում էր ու համբերատար սպասում, մինչև բոլորն անցնեն, ու հենց այդ պատճառով էր ուշանում…»։

Բայց հայրենիքը պաշտպանելիս Սարգիսը չուշացավ….

Պարգեւ Սեդրակյանը Հայաստանի Եվրոպական քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էր Եվրոպական համալսարան, ապագա տնտեսագետ էր:

Բազմաշնորհ էր Պարգեւը՝ երգում էր, դաշնամուր նվագում, հաճախում խեցեգործության դասընթացների, նաև սպորտով էր զբաղվում:

2019 թ. զորակոչվել էր բանակ, սկզբնական շրջանում ուսումնական զորամասում էր ծառայել, այնուհետ՝ Ստեփանակերտում, կրտսեր սերժանտ էր, տանկի հրամանատար։

Հոկտեմբերի 13-ին Պարգեւը վիրավորվում է «Գրադի» հարվածից, իր մարմնով ծածկում է զինվորներին՝ հարվածի ամբողջ ուժգնությունն իր վրա վերցնելով։ Հինգ ժամ տևած վիրահատությունից հետո ութ ժամ պայքար կյանքի համար, բայց…

Ուսուցչուհին՝ Զառա Սիմոնյանն առանձնակի հուզմունքով եւ ջերմությամբ է խոսում իր նախկին սանի մասին. «Այնքան համեստ էր, զուսպ, չափազանց ամաչկոտ, բայց, միեւնույն ժամանակ՝ անչափ հոգատար…

Մեր Պարգեւն իր կյանքի գնով փրկել է զինակիցներին…

Ասում են՝ երբ դու զգում ես քո ցավը, դու ողջ ես, իսկ երբ դիմացինի ցավն ես զգում, դու… մարդ ես…»:

Մելքոն Հովհաննիսյանը սեղանի թենիսի Հայաստանի ազգային հավաքականի անդամ էր, սպորտի վարպետ: Շնորհալի, հեռանկարային մարզիկ էր` պատանիների ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր: Դեռ 17 տարեկան հասակում մեծահասակների 2020 թ. ՀՀ առաջնությունում տղամարդկանց մենախաղի միայն եզրափակչում զիջելով ՀՀ եռակի ու գործող չեմպիոն 31-ամյա Վարուժան Բաղդասարյանին, դարձել էր ՀՀ փոխչեմպիոն, արժանացել արծաթե մեդալի ու ընդգրկվել մեծահասակների ՀՀ ազգային հավաքականում: Իսկ նույն մրցաշարի զուգախաղում, ընկերակցելով հենց Վարուժան Բաղդասարյանին, հռչակվել էր ՀՀ չեմպիոն:

Սովորում էր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում: 2020 թ. հուլիսի 29-ին զորակոչվեց բանակ՝ Արցախ: Երկու ամիս անց պատերազմը սկսվեց…

Մելքոնը կռվել է քաջաբար, զոհվել է հոկտեմբերի 15-ին, Հադրութում: Չեմպիոնի կոչումով գնաց, հերոսի կոչումով վերադարձավ…

Ուսուցչուհին՝ Սուսաննա Վարդևանյանը, հիշում է, թե ուղիղ չորս տարի առաջ հենց այս նույն դահլիճում Մելքոնի համար ինչպես էր ուսուցիչների հետ «կռիվ տալիս», որ ընդառաջեին մարզիկ աշակերտին. «Ոչինչ, որ թերացել է այս կամ այն առարկայից, բայց չէ՞ որ նա Հայաստանի դրոշն է բարձրացրել միջազգային մրցումների ժամանակ»:

«Մելքոնի ամեն հաջողությունով հպարտանում էի, մեդալները, պատվոգրերը բերում էր դպրոց, գովաբանելով փակցնում էի դասարանում, ինքն այդ ամենից ուրախանում էր, ոգեւորվում: Մի քանի անգամ մրցելույթից հետո դպրոց մեդալները չբերեց, հարցիս՝ ինչո՞ւ չի բերել, ասաց՝ երկրորդ տեղն եմ գրավել: Պարտադրեցի դրանք էլ բերի. չէ՞ որ այդ ժամանակ էլ էր մեր եռագույնը բարձրացել»:

Վահե Կարապետյանը դպրոցից հետո ընդունվել է Հենակետային բժշկական քոլեջ, այնուհետեւ՝ ԵՊՀ դեղագիտական ֆակուլտետ: Առաջին կուրսն ավարտելուց հետո 2017 թ. մեկնել է բանակ, ծառայությունից հետո շարունակել ուսումը: Ուսմանը զուգահեռ աշխատել է NEWS.am լրատվական կայքում՝ որպես օպերատոր և մոնտաժող, կարճ ժամանակում տիրապետել մասնագիտական բոլոր հմտություններին:

…2020 թ. հոկտեմբերի 15-ին առաջնագծում էր, բայց տուն զանգելիս չէր էլ ասում, թե որտեղ է, որ հարազատներին ցավ չպատճառի:

Վահեն մասնակցել է Մատաղիսի, Մարտունու և Շուշիի պաշտպանական գործողություններին, ծանր վիրավորվել Շուշիում: Ստեփանակերտի հոսպիտալում առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երեւան, ցավոք, խիզախ հայորդու կյանքը չի հաջողվել փրկել…

«Բարձրահասակ, սեւ, խոշոր աչքերով, պայծառ, լուսավոր տղա էր Վահեն, հումորն անպակաս, անշահախնդիր, միշտ պատրաստակամ բոլորին օգնելու,- այսպես է բնութագրում ուսուցչուհին՝ Գայանե Բաբայանը։ -Ասում էր՝ այ, կտեսնեք, ես մեծ մարդ եմ դառնալու…»։

Սմբատ Բաղդասարյանն ի սկզբանե աչքի էր ընկնում ընդգծված պատվախնդրությամբ: Պատերազմի հենց առաջին իսկ օրվանից  կամավորագրվել էր և անհամբեր սպասում էր իր հերթին:

Սմբատն ավարտել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ «Կիրառական մեխանիկա» մասնագիտությամբ: 2014-2016 թթ. ուսանել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ էլ նրան շնորհվել էր մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ ինժեներ էր, իր գործի նվիրյալ:

…Մարտական բարձր ոգով մեկնեց պատերազմ, մասնակցեց Կարմիր Շուկայի շրջանում ընթացող թեժ մարտերին: Հետագայում մարտակից ընկերները կպատմեն, որ Սմբատենց ջոկը հերոսաբար է կռվել. կռվել են մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ սրտի վերջին զարկը…

Դա է վկայում նաև այն փաստը, որ հետագայում, երբ հայտնաբերել են նրանց մարմինները, բոլորի ինքնաձիգի պահունակները դատարկ են եղել…

Ուսուցչուհին՝ Նաիրա Շամամյանը, ջերմությամբ, կարոտով է հիշում Սմբատի համով-հոտով հումորները: Պատմում է նրա անսահման նվիրումից. Սմբատը ծնողապաշտ որդի էր, ընտանիքի նվիրյալ հայր, երկու հրաշալի զավակ ուներ…

Պատերազմ գնալիս ասել էր՝ գիտեմ, ուր եմ գնում եւ ինչի համար. գնում եմ ընտանիքիս համար, հայրենիքիս և, անկախ նրանից, թե ինչ կպատահի, միշտ հպարտությամբ հիշեք…

***

Տղաներից ամեն մեկն էլ հստակ գիտեր՝ ուր է գնում…

Միջոցառման ավարտին դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակում բացվեց հերոսների դիմանկարներով հուշապաստառ՝ «Ձեզ բացակա չենք դնի»… Նրանց հիշատակը ապրողների սրտերում է…

hayzinvor.am