Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Սիսիանցի հերոսը

Սեպտեմբերի 08, 2024

Նա արիասիրտ զինվոր էր: Միշտ կանգնած էր զինակից ընկերների թիկունքին: Աչքի էր ընկնում հայրենասիրական բարձր ոգով: Ընկերները նրան շատ էին սիրում: Բոլորի համար հեղինակավոր եւ առաջինն էր: Երբեմն պատմում էր. «Ճիշտ է, թուրքերը լավ էին զինված, նրանց տեխնիկան հզոր էր, բայց հայերը ոգով էին ուժեղ, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում էին: Մի թիզ հող չունենք թուրքերին տալու»:

Թեեւ զոհվեցիր, հերոս, բայց դու անպարտելի ես, դու հայրենիքդ, ընտանիքդ էիր սիրում, դրա համար էլ պաշտպանեցիր նրանց, թեկուզ սեփական արյանդ գնով, որ թուրքը չհասնի քո մաքրամաքուր ընտանիքին, ու երկիրդ անբիծ մնա:

Պարզապես թշնամին նենգադավ հասավ քեզ…

Հայրենիքը պաշտպանելիս Արմենը ծանր վիրավորվեց` կորցրեց ձեռքը, բայց եկավ Ապրիլյան պատերազմը: Արմենն առաջիններից էր, ով կանգնեց զինվորի, հայրենիքի պաշտպանի կողքին: Կամավոր քաջ սիսիանցուն այս անգամ ճակատագիրն այլ բան էր նախատեսել ու իր մարտական ընկերների հետ բռնեց անմահության ուղին… Սիսական քաջերի պանթեոնում. հայրենիքի պաշտպան Արմեն Հովհաննիսյան է այնտեղ ննջում, ով հերոսական վարքի մի վառ օրինակ է …

Առողջական խնդիրն անտեսելով՝ նա միշտ կանգնած էր հայրենիքի, ազգի ու բանակի կողքին, պատրաստ էր կռվել ու պաշտպանել այն մեծագույն արժեքը, որ կոչվում է հայրենիք:

Հավերժ փառք քաջ Արմեն Հովհաննիսյանին ու բոլոր հերոսներին:

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 13-ին Սիսիանի Ծղուկ (նախկինում՝ Բորիսովկա) գյուղում: 1984-1995 թթ. սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1995-96 ուստարում ընդունվել է Սիսիանի պետական հումանիտար քոլեջի իրավագիտության բաժինը: 1996 թ. մայիսի 25-ին զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայել է Արցախում, ստացել սերժանտի կոչում: Նույն թվականի սեպտեմբերի 4-ին Քարվաճառում ականի պայթունից կորցրել է ձախ ձեռքի դաստակը, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ծառայությունից հետո ավարտել է կիսատ թողած ուսումը։ 2002 թ. դարձել է Երկրապահ կամավորականների միության անդամ: 2010 թ. ընտրվել է Ծղուկի ավագանու անդամ: Աշխատել է «Սինգլ Գոռ» ՍՊԸ-ի («Սպանդաղբյուր» ՓՀԷԿ) տնօրենի տեղակալ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Սիսական ջոկատի հետ կամավոր մեկնել է Արցախ:

2016 թ. ապրիլի 4-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում անօդաչու սարքից ծանր վիրավորվել էր, երեք օր բժիշկները պայքարել էին նրա կյանքի համար, սակայն ապրիլի 7-ին նա միացել էր զոհված իր ինը կամավոր ընկերներին: Նրա աճյունն ամփոփված է Սիսիանի պանթեոնում՝ հերոս ընկերների կողքին…

Արմեն Արեգի Հովհաննիսյանն ազնիվ, ընկերասեր, կիրթ, խելացի, համարձակ, հայրենանվեր ու հայրենապաշտ հայորդի էր: Շատ էր սիրում Արցախը, վիրավորվելուց հետո հաճախ էր մեկնում այնտեղ, հետաքրքրվում այն ամենով, ինչ կապված է Արցախի հետ։

Արմեն Հովհաննիսյանն ամուսնացած էր: Երբ Արմենի եւ Արմենուհու որդին՝ Արեգը, ծնվել էր, Արմենն աշխարհի ամենաերջանիկ հայրն էր, քանի որ որդին նրա ներշնչանքի եւ հպարտության աղբյուրն էր…

Հայտնի ճշմարտություն է, պատերազմը չարիք է, քանզի շատ մայրեր սեւ հագան, մանուկներ որբացան, բազում երազանքներ մնացին անավարտ…

Հայրենի Ծղուկ գյուղի ռազմագիտության կաբինետն անվանվել է հերոսի անունով, իսկ հայրենի Ծղուկ գյուղի սկզբնամասում 2016-ի նոյեմբերի 10-ին՝ հերոսացած հայորդու ընկերների ջանքերով բացվել է նրա հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձան: Այդ օրը համայնքի մարդիկ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ ներկայացուցիչները, հայ կազակները, պատանի եւ ազատամարտիկ երկրապահները, Արմենի ընկերներն ու ազգականները հավաքվել էին մեկ անգամ եւս հարգելու հերոսի հիշատակը:

Արմեն Հովհաննիսյանը 2014 թ.  սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է ՀՀ պետական պարգեւով՝ «Արիության» մեդալով:  2016 թ. մայիսի 28-ին (հետմահու)  Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:  Նույն թվականին «Սատար» բարեգործական հիմնադրամի կողմից նրան շնորհվել է «Հայրենիքի պաշտպան» 2-րդ աստիճանի մեդալը: 2016 թ. նոյեմբերի 10-ին (հետմահու) պարգեւատրվել է «Հայաստանի ԵԿՄ» հուշամեդալով:

Արմենի կյանքը թեեւ փրկել չի հաջողվել, սակայն հերոսի անունն ու հիշատակը մնում են հավերժ...

Խոնարհվում ենք անմահ հերոսի, ազնվարյուն ու քաջ մարտիկի հիշատակի առջեւ, թող Աստված հովանավորի եւ պահպանի ազգի նվիրյալի ընտանիքին...

Կրկին հիշում ենք, հարգում ու գնահատում 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում անմահացած՝ Սիսիանի անմահ հերոսներին, որոնցից մեկն էլ Արմեն Հովհաննիսյանն էր:

– Նրան եւ բոլոր հերոսներին չեն մոռանում ոչ միայն Սիսիանում, այլեւ արտերկրում բնակվող ընկերները, – ասում է Արմենի համագյուղացի Հրաչ Հակոբյանն ու ավելացնում, – հատկապես երբ արտեկրից գալիս ենք հայրենի գյուղ, անպայման այցելում ենք նրա եւ բոլոր հերոսների շիրիմներին ու ծաղիկներ խոնարհում…

Այսօր մենք ապրում ենք խաղաղ, անկախ ու ազատ Հայաստանում, որն առաջին հերթին սահմանը պահող մշտարթուն զինվորի, նաեւ մեր հերոս տղաների թափած արյան, հայոց մարտունակ բանակի շնորհիվ է նվաճվել:

Սյունեցի կամավորներն անմասն չեն մնացել եւ այսօր էլ մասնակցում են հայրենիքի պաշտպանությանը: Հանրահայտ ճշմարտություն է՝ պատերազմում հաղթանակները հենց այնպես չեն տրվում, տրվում են հերոսների կյանքի գնով ու թանկ, անգնահատելի արյամբ… Եվ երբ մեր գողտրիկ բնակավայրերն ազատագրվում են, բոլոր նվիրյալ հերոսների համար հրաժեշտի համազարկեր են տրվում, որոնք մեր նոր կյանքի սկիզբն են նշանավորում…

Փառք ու պատիվ Ձեզ, մեր անպարտ ու անմահ հերոսներ:   

syuniacyerkir.am