Չէինք հավատում, որ իրա մարմինն էր, երազիս եկավ, ասեց՝ մա՛մ, ես եմ․ Առաջին պատերազմում Մարինեն կորցրեց 19-ամյա եղբորը, երկրորդում՝ 19-ամյա որդուն
19-ամյա Բարսեղ Պողոսյանի մայրը՝ Մարինե Եգանյանը, որդու զոհվելուց հետո էլ չի գնում հացի փռում աշխատանքի։ Ասում է՝ էնտեղ որդու հետ էր աշխատում, ու հիմա, երբ որդին չկա, չի կարողանում փուռ մտնել։
«Բարսեղս տան փոքրն էր, երեք քրոջ մինուճար ախպեր էր։ Միշտ ասում էր՝ մեծ քուրս ախպերս է, միջնեկ քուրս թիկունքս է, փոքրն էլ՝ Քնարիկը՝ կեսս է։ Փոքր տարիքից ուզում էր զինվորական դառնար, Մոնթե Մելքոնյանի վարժարան ընդունվեր, սովորեր, բայց ես չթողեցի, որովհետև ախպերս էլ 19 տարեկանում Արցախյան առաջին պատերազմում էր զոհվել… Վախենում էի զինվորականի ուղուց»,- պատմում է տիկին Մարինեն ու հուզվում։
Բարսեղ Պողոսյանին կամ սերժանտ Բարսեղին Ջրականում բոլորն էին ճանաչում, Ջրականի արծիվներից էր՝ ասում են։ Պատերազմի առաջին հարվածը հենց Բարսեղենց 127 պոստի վրա է եղել, որի հետևանքով Բարսեղը ծանր վիրավորում է ստացել։ Երբ երկու ընկերները փորձել են նրան դուրս բերել տարածքից, հակառակորդը ականանետով հարվածել է։
«Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն ա մահացել, փորձաքննությունն ա տենց ցույց տվել»,- ասում է մայրն ու հավելում, որ մինչև դեկտեմբեր փնտրել են որդուն։
«Մտնում էի Ֆեյսբուք, թերթում էի, ման էի գալիս, ու որ երեխեն Ջաբրայիլի եկեղեցու մոտ նկար ուներ, հարցնում էի իր մասին։ Նկարներ էի գտնում, ուղարկում էի երեխեքին, ասում էի՝ երեխե՛ք, նայեք՝ էս Բարսե՞ղն է: Լույսը բացվում էր՝ էդ էր մինչև իրիկուն»։
Մի օր էլ սովորականի պես գիշերվա ժամը 2-ին տիկին Մարինեն Ֆեյսբուքն է թերթելիս եղել ու զոհվածների ցուցակն է տեսել, որտեղ եղել են Բարսեղի ու իր ընկերոջ անունները։
«Ցուցակը երեխեքին ցույց տվեցի, ասեցի՝ նայեք էս ինչ ա։ Բարսեղի հորաքրոջ տղան էլ էր էստեղ, զանգեց, որ ճշտի։ Մի աղջիկ վերցրեց ու ուրիշ համար տվեց, ասեց՝ էդ համարով զանգեք։ Զանգեցինք, մի աղջիկ ասեց՝ իմ ախպերների մարմինները Արցախից մորգեր են բերում, էդ երեխեքն էլ են իրանց հետ, գնացեք մարմինները գտեք, չկորեն»,- պատմում է մայրը։
Լույսը բացվելուն պես ընտանիքը սկսել է Բարսեղի մարմինը փնտրել բոլոր դիահերձարաններում, բայց երկար ժամանակ չի կարողացել գտնել։
«Դեկտեմբերի 10-ին գտանք մարմինը, էն նույն օրը, երբ նախանցյալ տարի արձակուրդ էր եկել։ Գրպանում իրա սրբապատկերն էր եղել ու խաչը։ Չնայած ամուսինս ճանաչել էր խաչն էլ, նկարն էլ, բայց շորի վրա ուրիշ անուն, ազգանուն էր գրված, ու մենք չէինք ուզում հավատայինք, որ ինքն էր։ Ու որ չէինք հավատում, որ իրա մարմինն էր, երազիս եկավ, ասեց՝ մա՛մ, ես եմ… բայց ես էդ երազները չէի պատմում, ասում էի՝ թող երեխեքը չիմանան»,- հուզմունքով պատմում է մայրն ու ավելացնում՝ փետրվարի 23-ին նոր հաստատեցին, որ ինքն էր։
Բարսեղից հետո շենքում ոչ ոք ծնունդ կամ որևէ տոն չի նշում, որովհետև Բարսեղը հարևաններին, իսկ հարևաններն էլ նրան շատ էին սիրում։
«Հունիսի մեկին սեղան գցեցինք, հարևանների երեխեքին տուն բերեցինք, ասեցինք՝ Բարսեղը հաստատ չէր ուզի, որ ձեր ծնունդը, ուրախ տոները չնշեք»։
Ուրախ ձևով պատրաստվում էին նշել հենց Բարսեղի վերադարձը։ Շենքի բակում պիտի սեղան գցեին ու մեծ քեֆ անեին։ Բարսեղն ինքն ասում էր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին կգաք Առաջին մասի Բանվորի արձանի մոտ ինձ դիմավորելու, բայց… տնեցիների ու Բարսեղի հանդիպումն էդպես էլ չկայացավ։
«Մենք չենք համակերպվում Բարսեղի կորստի հետ։ Ոչ մեկս էլ էդ ցավը չենք արտահայտում, ամեն մեկս մեր ձևով ներս ենք գցում ու տենց ապրում ենք»,- ասում է մայրը ու գլուխը կախում։