Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

7-ով՝ 300 հոգու դիմաց․ 1 տարի առաջ արյան գնով են Սերգեյն ու իր զինակից ընկերները պաշտպանել Մարտակերտը

Սեպտեմբերի 25, 2024

Արցախցի Սերգեյ Աթեյանն իր 6 ընկերների հետ 2023թ․ սեպտեմբերի 19-ին պաշտպանել է Մարտակերտը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։

NEWS.am-ի հետ զրույցում Աթեյանի մայրը՝ տիկին Մարինան, պատմում է, որ որդին հարձակման մասին լուրն իմանալուն պես գործընկերների հետ դիրքեր է բարձրացել։ Հակառակորդի հարձակումը հենց իրենց դիրքի վրա է եղել՝ կենտրոնական հատվածի ուղղությամբ, նպատակը՝ գրավել դիրքն ու ներխուժել Մարտակերտ. «Որդիս իր ընկերների հետ անդադար կռվել են, անհավասար մարտ վարել, ու կարողացել են հետ շպրտել ադրբեջանցիներին։ Ցավոք սրտի, 7–ն էլ զոհվել են»։

31–ամյա Սերգեյը ջոկատի հրամանատարն էր, մոր խոսքով, նրանք 7 հոգով կռվել են հակառակորդի 300 հոգուց բաղկացած հատուկ նշանակության գնդի դեմ։ Սերգեյը վերջին անգամ քրոջ հետ է խոսել հեռախոսով, հանգստացրել, թե ամեն ինչ կարգին է։ Ծնողները մինչեւ հիմա մտածում են՝ եթե օգնություն հասած լիներ, գուցե իրենց տղան և 6 ընկերները այսօր ողջ լինեին։ Սերգեյի մարմինը ընտանիքը կարողացել է հուղարկավորել միայն 1 ամիս անց՝ հոկտեմբերի 17–ին «Եռաբլուրում»։ Նրա կողքին հանգչում են նաեւ 6 ընկերները։

«30 տարվա անկախությունը այս տղաների արյան գնով է»,– խոսքն ամփոփում է մայրը։