Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ասեցի՝ գոնե երեխուն պաչի, ասեց՝ խի՞ պաչեմ, կարո՞ղ ա հետ չեմ գալու

Դեկտեմբերի 14, 2024

26-ամյա Տաթև Ավետիսյանն ու 32-ամյա Արսեն Մարտիրոսյանը 2019 թվականին են ամուսնացել։ Դստրիկը՝ Օլիվիան, նոր էր ծնվել, ընդամենը 3 օրական էր, երբ սկսվել է պատերազմն, ու հայրը մեկնել է ռազմաճակատ։

«Ասեցի՝ գոնե երեխուն պաչի, ասեց՝ խի՞ պաչեմ, կարո՞ղ ա հետ չեմ գալու, կգամ տուն, կպաչեմ, երեխուն վերցրու, գնա։ Չթողեց էլ մի հատ հետ նայեմ, արդեն խփում էին, ասեց՝ մի շրջվի, գնա, ես կգամ, ինքը վստահ էր, որ կգա»,- հուզմունքով պատմում է Տաթևը, որի կյանքն ամուսնու զոհվելուց հետո ասում է՝ մթնել է։

«Կյանքը սևացավ, անդունդ է, ճահիճ»,- դողացող ձայնով ասում է Տաթևը։

Արսեն Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին Մատաղիսի դիրքերում է եղել, հակառակորդի դեմ կռվել է՝ ոչ մի քայլ չնահանջելով։

Կինն ասում է՝ հաճախ էր ամուսնուն հորդորում զգույշ լինել, վերադառնալ․ «Ասում էի՝ մենք առանց քեզ չենք կարա, մեկ-մեկ ձեռքդ հանի, վիրավորվես, գաս: Ասեց՝ խի՞, որ կարամ առանց վիրավորվելու գամ, ո՞նց կարամ տենց բանեմ, ասեց՝ դու արխային լինի, ոչ բան չի լինի: Ասեցի՝ ինչքան կարաս, քեզ պահի, պարզ ա, որ չէի ուզի ոչ մի ձև իմ ամուսինը զոհվեր, ծիծաղում էր, ասում էր՝ մի՛ անհանգստացի, ես մի բան կանեմ, բայց չարեց»,- պատմում է Տաթևը։

Կինն ասում է, որ ամուսինը մերժում էր վերադառնալ, ասում էր՝ չի կարող 18 տարեկան տղաներին մենակ թողնի: «Ասում էր՝ չեմ կարա գամ, ես ո՞նց 18 տարեկաններին թողնեմ գամ, ընկերների հետ կռվեց, ամենամոտ ընկերոջ հետ էլ զոհվեց»,- արցունքն աչքերին ասում է կինը։

Տաթևն ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 10-11-ի մոտ։ Ժամը 3-ն անց կեսին կրկին փորձել է ամուսնուն զանգել, սակայն արդեն անհասանելի է եղել: Ասում է՝ այդ պահին սկսեց կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, բայց քիչ անց ամուսնու ընկերոջ հետ է խոսել, որն ասել է, որ խոսել է Արսենի հետ:

«Ասեցի՝ լավ ա, որ ինչ-որ մեկը խոսացել ա, բայց սիրտս կասկած ընկավ, մտածեցի՝ հնարավոր չի, որ իր ընկերոջը զանգի, տեսնի՝ ես եմ զանգել, ինձ հետ չզանգի։

Առավոտ շուտ զարթնեցի, նորից զանգեցի, էլի անհասանելի էր… Իր մամային զանգեցի, տեսա՝ լացում էին, արդեն հասկացա․․․ իրենք չէին ուզում ինձ ասեին»,- արցունքները կոկորդում խեղդելով պատմում է Տաթևը։

Արսեն Մարտիրոսյանը զոհվել է բեկորային վնասվածքից, կինն ասում է՝ հստակ չգիտեն՝ ԱԹՍ-ի հարվածից է, թե «Սու»-ից, բայց ընդգծում է՝ այդ շրջանում «Սու»-երը հրթիռակոծում էին։

Տաթևն ասում է՝ ամուսինը հասցրեց միայն տեսնել երեխայի մեկ ամսականի լուսանկարը, իսկ համբուրել երեխային այդպես էլ չկարողացավ:

«Սաղ երազանքները կապված էին երեխայի հետ։ Էդ տարիքում հեշտ չէր սիրահարվել ու ամուսնանալ, ինքն արդեն համակերպվել էր, որ կյանքում էլ չէր սիրահարվի, իրա երազանքն էր աղջիկ ունենալ։

Միշտ ասում էր՝ աղջիկ ունենանք, անունը դնենք Օլիվիա, նշանակում է՝ խաղաղություն բերող։ Երեխան էլ իրա դեմքն ա, շատ նման ա, էդ մեկը գիտի ինքը»,- հոգոց հանելով ասում է Տաթևը։

Արսենը քչախոս էր, համեստ, շատ հոգատար, պատմում է կինն ամուսնու մասին.

«Ինձ հղիության 9 ամիսների ընթացքում, կարելի ա ասել՝ ձեռքերի վրա է պահել, էնքան էր անհանգստանում մեր համար, «հոգատարություն» բառը հենց իրա համար ա ասված: Շատ պատասխանատու էր, շատ էր աչքի ընկում պունկտուալությամբ»։

Կինն ասում է, որ հնարավոր չի հաղթահարել ամուսնու կորստյան ցավը, միայն ուժ է տալիս երեխան, որ կարողանում է ապրել։

«Մենակ ինքն ա ինձ ուժ տալիս, չգիտեմ՝ մյուսները ոնց են անում, բայց ես իրանով եմ ապրում: Շատ ընկերուհիներ ունեմ, որ անգամ երեխա էլ չեն ունեցել, իրանք շատ են երազում, որ գոնե երեխա ունենային, ես գոնե իմ ամուսնուց մասնիկ ունեմ։ Անգամ որ երեխան մի ժամով քնում ա, ես չգիտեմ՝ ոնց եմ անում, ոնց եմ ուտում։
Օր ենք սպանում, պարտադրված ապրում եմ, ես գիտեմ՝ իմ երեխեն մեղավոր չի, ես գիտեմ, որ ամուսինս ինձ չի ների, որ էրեխուն մի քիչ աչքաթող անեմ, ինքն իրան մեղավոր կզգա, որ չկարողացավ երեխուն տեր կանգնել, որ մի հատ էլ ես լավ չնայեմ, իրա խաթեր ես պիտի ապրեմ»,- ասում է երիտասարդ կինը:

Տաթևն ասում է՝ ճակատագիրը ցավալիորեն կրկնվել է, ինքը դեռ երկու տարեկան չի եղել, երբ իր հայրն է զոհվել 90-ականների պատերազմի ժամանակ։ Մայրը դժվարությամբ ու չարչարանքով է մեծացրել երեխաներին։ «Մենք էդ ցավը երկու անգամ տեսանք։ Ես ուրիշ երազանք չունեմ, ոչ ուտելու, ոչ մի բան առնելու, ոչ դուրս գալու, մենակ ուզում եմ՝ երեխես առողջ լինի, ու էն, ինչ ես չեմ վայելել, գոնե երեխես վայելի, ամեն ինչ անեմ, որ առողջ ու երջանիկ լինի»,- ասում է Տաթևը։

MediaLab.am