Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Անմահ հերոս Հրայր Դանիելյան

Դեկտեմբերի 14, 2024

Հրայր Մհերի Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին  Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)  Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ 2003 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ և Հրայրը նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ 2009 թվականին տեղափոխվել են քաղաք Շուշի, քանի որ Հրայրի հայրը եղել է զինվորական, և տղան ուսումը շարունակել է Շուշիի  Մուրացանի անվան ավագ դպրոցում։

-Հրայրը բնավորությամբ համարձակ էր, անվախ, մի բան որ որոշում էր, անպայաման իրագործում  էր, իր խոսքի տերն էր։ Շատ երկար էր մտածում մի բան իրագործելուց առաջ ու երբեք չէր սխալվում: Չէր սիրում, որ որևէ մեկը միջամտեր իր որոշումներին։ Իր նպատակներին հասնում էր միայնակ և մեծ չարչարանքով։ Շատ էր սիրում սպորտը, դեռ մանկուց զբաղվում էր կարատեով և հասել էր մինչև նարնջագույն գոտու։ Քանի որ  իր  հայրը նույնպես զինվորական էր, հետագայում սկսեց հետաքրքրվել զինվորականի գործով։ Երբ ավարտեց պարտադիր զինվորական ծառայությունն իր զորամասից առաջարկեցին, որպեսզի մնա և աշխատի, բայց լսեց մեր հորդորները, եկավ և շարունակեց ուսումը,- պատմում է մայրը` տիկին Երազիկը։

2014 թվականին  ավարտել է դպրոցը և նույն տարում ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տնտեսաիրավաբանականական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։ Մի տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ և ծառայել Դ-20 հրետանային դիվիզիոնում` որպես  հրանոթի հրամանատար։

2016 թվականին երբ սկսվել է ապրիլյան քառօրյա պատերազմը  Հրայրն իր անմիջական մասնակցությունն է ունեցել, եղել է մարտական դիրքերում ցուցաբերած քաջության և կամային բարձր որակների շնորհիվ արժանացել է բազմաթիվ մեդալների։

-Հրայրը եղել է մեր լավագույն զինծառայողներից, որպես հրանոթի հրամանատար իրեն դրսևորել է օրինակելի, ցանկացած խնդիր կատարել է բարեխղճորեն։ Շատ կիրթ, ֆիզիկապես կոփված, գաղափարապես զարգացած, դաստիարակված, համեստ անձնավորություն էր։ Ապրիլյան քառօրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, չնայած մի քանի ամսվա զինծառայող էր, բայց իր ակտիվ ներդրումն է ունեցել։ Ականանետի կրակոցների տակ կատարել է բարդ և պատասխանատու առաջադրանքներ, օգնել է վիրավոր ընկերներին դուրս բերելով մարտի դաշտից։ Վայելում էր հրամանատարության սերն ու հարգանքը,-  պատմում է հրամանատարներից Պավել Հարությունյանը։

Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը, 2020 թվականին ավարտել ու աշխատանքի անցել ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բաժնում լեյտենանտի կոչումով։

-Մշտապես աչքի էր ընկնում իր տարբերվող հայրենասիրությամբ։ Անընդհատ խոսում էր բանակի բարելավումից, իր տեսակետն էր ներկայացնում բանակի մարտունակության բարձրացման վերաբերյալ: Քառօրյա պատերազմի մասնակից լինելով ասում էր, որ թիկունքում ևս պետք է օգտակար լինենք մեր երկրին, և հենց դրա համար էլ ընտրել էր այդ մասնագիտությունը։ Հրայրի հետ ծանոթացել ենք Արցախի պետական համալսարանում, առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել ենք բանակ, ծառայությունն ավարտելուց հետո կրկին միասին ենք շարունակել ուսումը։ Նվիրված ընկեր էր, ճշմարտախոս,  անկողմնակալ ցանկացած խնդրի վերաբերյալ։ Նպատակասլաց էր, սովորում էր շատ լավ։ Երբ սկսվեց պատերազմը միասին ենք մեկնել պատերազմի դաշտ։ Կամավոր մեկնեց Հադրութ, քաջ գիտակցելով թե ուր է գնում, իմանալով տեղանքի վտանգավորությունը և բարդությունը։ Հիշում եմ մեր վերջին հանդիպումը, մենք ընդհանրապես սովորություն չունեինք իրար բարևելուց գրկախառնվել, բայց վերջին օրը իրար գրկեցինք բարևեցինք, կարծես մի բան զգայինք և դա եղավ մեր վերջին հանդիպումը, գնաց Հադրութ և տեղի ունեցավ այդ չարաբաստիկ դեպքը ,- պատմում է կուրսընկերը` Արտակը։

Շատ կարճ ժամանակաշրջան է հասցրել աշխատել՝ 2020 թվականի օգոստոսի  1-ին ընդունվել է աշխատանքի  2020թվականի սեպտեմբերի  27-ին սկսվել է պատերազմը։ Առաջին իսկ օրվանից Հրայրը մեկնել է մարտի դաշտ, հատուկ առաջադրանքներ է կատարել տարբեր մարտական դիրքերում` Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում։

Հրայրը 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ոստիկանական բաժնի ընկերների հետ մեկնել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ և նույն գիշերն էլ անօդաչու թռչող սարքի հարվածից ամբողջ անձնակազմով զոհվել են։ Հետմահու պարգևատրվել է Արցախի  Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Հերոսի աճյունը հանգչում է հայրենի Նորշեն գյուղի եղբայրական գերեզմանատանը։ Չնայած այն հանգամանքին, որ  ծնողները  այդ  ժամանակահատվածում ապրել են Ստեփանակերտում, այնուամենայնիվ որոշել են որդուն հուղարկավորել Նորշենում, քանի որ Հրայրը շատ է սիրել իր հայրենի գյուղը: Ստեփանակերտում բնակվելուց հետո էլ մշտապես պահել է կապը գյուղի հետ, գրեթե ամեն շաբաթ գնացել է գյուղ։

Ցավոք  2023 թվականի սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից ու հայաթափումից հետո` Հրայրի ընտանիքի անդամները դուրս գալով Ադրբեջանի կողմից  օկուպացված տարածքներից, լքում են հարազատ օջախը, հարկադրված թողնելով Հրայրի գերեզմանը Նորշենում։

banak.info