Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Արթուր Սուրենի Տոնոյան

Դեկտեմբերի 14, 2024

Ծնված՝ 1959թ․ նոյեմբերի 12-ին Միրբաշիրի շրջանի(Ադրբ․) Բեգում-Սարով գյուղում։

Բռնի տեղահանությունից հետո ապրում  էր հոր, կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում։

Մասնագիտությունը՝ գյուղատնտես-մեխանիզատոր։

Աշխատում էր Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղի պետական տնտեսությունում։

Զոհվել է 1989թ․ հուլիսի 12-ին, ադրբեջանաբնակ Կիչան գյուղի մոտ թշնամու գնդակից։

Մասնակցել է Լենինավանի ինքնապաշտպանական գործողություններին։

Հուղարկավորված է Լենինավանի գերեզմանոցում։ 

1988թ․ Միր-Բաշիրի շրջանի մեր Բեգում-Սարով գյուղը տեղահանվեց։ Թողեցինք մեր պապերի գերեզմանները, մեր ունեցվածքը, երկհարկանի տունը, ամեն-ամեն ինչ և հեռացանք՝ ով ուր կարող էր։ Մինչ այդ տեղի թուրքերը առաջարկում էին հիսուն հազարով մեր տունը գնել։ Չմահաձայնվեցինք։ Չէինք ուզում, որ գյուղում թուրքերը գերակշռեն։ Չէինք ուզում մեր ապուպապերի դարավոր պատմություն ունեցող գյուղը տուն առ տուն վաճառել թուրքերին, թեկուզև՝ թանկ։ Հետո պարզվեց, որ գյուղի ճակատագիրն այլևս մեր ձեռքում չէր։ Ստիպված էինք ամեն ինչ թողնել, հեռանալ։ Արթուրս ավելի շատ մոր գերեզմանի համար էր դեմ ընկնում։

․․․ Մոտակա ապաստանը Մարտակերտի շրջանն էր՝ Լենինավան գյուղը։ Հարսիս, երեխաների հետ, ժամանակավորապես ուղարկեց Կրասնոդար ծնողների մոտ, մինչև կտնավորվեինք։

         Արթուրս շատ տեղեր ման եկավ, շատ որոնեց, որ մի պատրաստի տուն ճարի՝ առնենք։ Չկար․ հեռու էր, թանկ էր, մեր ուժը չէր պատում։ Մի օր էլ վերադարձավ նորից Լենինավան՝ լրիվ համոզված՝ «վերջ, մեր տունը հենց այստեղ էլ պետք է լինի»։

         Միասին նոր տան հիմքը փորեցինք։ Ես իմ դարդը չէի։ չէի ուզում, որ որդիս ու հարսս, երեխաներս անտուն մնան։ Տան հիմքը պատրաստ էր, բայց ստիպված էինք սպասել մինչև աշուն, որ ձեռքներս մի քիչ փող ընկնի ու կարողանանք գոնե պատերը կանգնեցնել։ Մեր ամբողջ եղածը տվել էինք զինվորականներին, որ եթե ոչ գերեզմանը, գոնե կնոջս գերեզմանաքարը գյուղից տեղափոխեն, կամ գոնե մի բուռ հող, կամ գոնե․․․ կամ․․․ Արթուրս մոր գերեզմանի համար շատ էր նեղվւմ, պատեպատ խփվում, բայց ճար չկար։ Զինվորականներն էլ ոչ որևէ բան տեղափոխեցին, ոչ էլ վերադարձրին դրա համար տված մեր ունեցած չունեցածը։ Խաբեցին։

Արթուրս եկած օրվանից զբաղված էր նաև գյուղի ինքնապաշտպանության հարցերով։ Իսկ ուսման ոչ ժամանակ կար, ոչ էլ տրամադրություն․ կինն ու երեխաներն այնտեղ , մոր գերեզմանը այնտեղ, մենք էլ այստեղ՝ շիվար։ Էլ չէր դիմանում, որոշեց, որտեղ ինքը՝ այնտեղ էլ իր ընտանիքը։ Մոտ տասը ամիս էր անցել բաժանումից և անչափ կարոտել էր։ Հեռագրեց, որ շուտ գան։ Անհամբեր էինք նրանց գալուն։ Մի քանի օր էր մնացել։ Առավոտյան շուտ դուրս եկավ, որ գնա Ստեփանակերտ, այնտեղ գործեր ուներ վերջացնի ու գնա Երևանից հարսիս ու թոռներիս դիմավորի, բերի։

Ես դաշտում աշխատում էի, եկան հետևիցս ու տարան ուղիղ հիվանդանոց․․․ որդուս դիակի վրա․․․

Մարմինը քրքրված էր գնդակներից, դեմն ու գլուխը՝ ջնջխված․․․

Տունս, օջախս լրիվ քանդվեց։ Նորից հեռագիր ուղարկեցինք՝ հարսս ու թոռներս Արթուրիս սպասածից երկու օր շուտ եկան․․․ որ հասնեն թաղմանը։

․․․ Հարսս էլ չէր ուզում հետ գնալ, բայց յոթից հետո ծնողները տարան։

Իհարկե, Կրասնոդարում «ավելի ապահով էր, գոնե տանիք կունենային իրենց գլխին ու կրակից հեռու կլինեին»։

Մնացի մենակ․․․ Հրազդանում հարազատներ ունեմ։ Ինձ իրենց մոտ տարան։ Չդիմացա, երկար չկարողացա մնալ ու վերադարձա Լենինավան։ Թեկուզև մենակ, բայց Արթուրիս հետ գցած հիմքի վրա պիտի տուն շինեմ։ Թեկուզև չապրեմ այնտեղ, կնվիրեմ որևէ մեկին, ինձ նման որևէ փախստականի, ու հետո կերևա ուր կգնամ, գլուխս որտեղ կդնեմ։

Հիմա դեռ Արթուրիս հետ սկսած տան կառուցումը պիտի ավարտեմ, ինչ գնով էլ լինի, թեկուզև մենակ, թեկուզ վերջին շնչում․․․

Հայր՝ Արթուր Տոնոյանի

banak.info