Քաջիկ Քարամյան․անմահացած հանուն հայրենիքի
Քաջիկ Սերժիկի Քարամյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 4-ին՝ Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո երկար տարիներ որպես հետախույզ ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախը կրկին հայտնվեց պատերազմի բոցում, Քաջիկը, չերկմտելով, կամավորագրվեց տանկային բրիգադում՝ որպես վարորդ։ Նա չափազանց հայրենասեր, խիզախ ու անձնվեր մարդ էր, իսկ ընկերասիրությունն ու պատասխանատվության զգացումը ճանաչում էին բոլորը։ Մարտական ընկերների համար նա հուսալի թիկունք էր, իսկ ընտանիքի համար՝ սիրող ամուսին և հոգատար հայր։
Երկու որդիների հայրը պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր չլքեց իր մարտական ընկերներին։ Մինչև վերջին շունչը նա պայքարեց հայրենի հողի համար՝ ինչպես վայել է իսկական հայորդուն։ Նրա հարազատներն ու մտերիմները սպասում էին վերադարձին, սակայն ճակատագիրն այլ որոշում էր կայացրել։
2020 թվականի հոկտեմբերի 23-ը դարձավ նրա երկրային կյանքի վերջին օրը։ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, սեփական կյանքը վտանգելով, նա նետվեց վիրավոր ընկերներին օգնության և նրանց փրկելու ընթացքում հերոսաբար զոհվեց։ Այդ օրից նա անմահացավ՝ միանալով հայրենիքի համար կյանքը նվիրաբերած անմահների գնդին։
2020 թվականին թշնամու ձեռքն անցավ նաև նրա հարազատ Ջրաղացներ գյուղը, իսկ երեք տարի անց՝ ամբողջ Արցախը։ Սակայն հայրենի հողի կորստով չմարեց այն արժեքը, որի համար կռվեց Քաջիկը։ Նրա և իր բախտակից ընկերների արյամբ շաղախված հողը մնաց թշնամու վերահսկողության տակ, բայց նրանց սխրանքը մնաց հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ։
Քաջիկ Քարամյանը թողեց հերոսի անուն, անսահման կարոտ ու հավերժ մխացող ցավ։ Նա թողեց նաև իր ամենաթանկ ժառանգությունը՝ երկու որդիներին, որոնք իրենց հոր արժանապատիվ շարունակությունն են և նրա հիշատակի կենդանի կրողները։
Հավերժ փառք քեզ, հերոս հայորդի։ Խունկ և խոնարհում քո լուսավոր հիշատակին։