Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

44-օրյա պատերազմում զոհված հերոս կրտսեր սերժանտ Բարսեղ Պողոսյանը կդառնար 21 տարեկան

Մարտի 21, 2022

Մարտի 19-ին, տեղի ունեցավ «Վերածննդի շնչով» հուշ-ցերեկույթը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված հերոս կրտսեր սերժանտ Բարսեղ Պողոսյանի 21-ամյակին։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Լուսաբացի արևամուտը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը նրա քույրն է՝ Քնար Պողոսյանը:

«Գիրքը կոչվեց «Լուսաբացի արևամուտը», որովհետև լուսաբացին՝ ժամը 06:00-ին, նկար ուղարկեց, որից հետո իմացանք, որ զոհվել է: Իսկ ինչո՞ւ արևամուտ, որովհետև նա արև էր իր էությամբ: Գիրքը գրվել է երազների հիման վրա, երբ ամեն անգամ, ինչ-որ առիթով եղբայրս գալիս էր իմ երազին: Պատերազմի ընթացքում, երբ դեռ փնտրում էինք եղբորս՝ երազիս եկավ ու ասաց, որ ոտքից վիրավոր է: Գտնելուց հետո միայն իմացանք, որ վիրավորումը եղել է ոտքից: Մեկ այլ օր եկավ երազիս ու խնդրեց, որ տանեմ իր ընկերների մոտ: Երբ գնացինք՝ նույն կավահող տարածքն էր, նույն հուղարկավորությունները…: Այդ ժամանակ չէի պատկերացնում, որ այդ տեղը Եռաբլուրն է »,- նշեց հերոսի քույրը՝ Քնար Պողոսյանը:

Նա պատմեց՝ եղբայրը 2019 թվականի հուլիսի 28-ից ծառայության է անցել Ջրականում (Ջաբրայիլ), որը եղել է նրա երազանքը:

«Շատ էր ուզում ծառայել Ջրականում, այնքան շատ, որ աղոթում էր, որ այնտեղ տանեն: Պատերազմից ժամեր առաջ մեզ հետ խոսում էր առանց տագնապի: Անհնար էր ինչ-որ բան զգալ նրա խոսքից: Երբ սկսվեց պատերազմը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան մի նկար ուղարկեց, ու դա եղավ վերջին նկարը, որ ունեցանք նրանից:  Դրանից հետո մեզ սպասում էին երկար որոնումներ: Շատ էինք սպասում, որ կզանգի, բայց միայն դեկտեմբերի 10-ին հաջողվեց հայկական կողմին մտնել Ադրբեջանի կողմից գրավված Ջրական ու դիրքերից հանել մեր զինվորների դիերը: Դեկտեմբերի 10-ը համընկավ իր արձակուրդի հետ, երբ 2019թ. դեկտեմբերի 10-ին եկավ արձակուրդ: 2020 թ. դեկտեմբերի 10-ին մենք գտանք նրան ու դրանից երկու ամիս անց հաստատվեց, որ նա է, չնայած մինչ օրս էլ նրան փնտրում ենք բոլորի մեջ: Որոնումների ընթացքում իմացանք, որ պատերազմի ժամանակ նրան առաջարկել են չբարձրանալ դիրքեր,  սակայն հրամանատարին պատասխանել է, որ իր տեղը դիրքերում է»,- ասաց Քնար Պողոսյանն ու ընթերցեց եղբորը նվիված բանաստեղծությունը.

Ժամանակն է մեռել

Անժամանակ րոպեների դառը անկյուններում,

Ու ստահոդ կյանքի վայրկյաններում չվող

Երբեք էլ չեկող ապագան է հանգչում։

Ու Դու հեռացար…

Թողեցիր միայն մի հին պատմություն,

Մանկության խաղաղ մի հուշատետր,

Եվ հորիզոնում էլ չերևացող վերջին ժպիտդ

Արևի վերջին շողերի նման գնաց մայրամուտ՝

Բաց երկնքի մեջ։

Ու Դու հեռացար՝

Թողնելով միայն հպարտ տրտմություն,

Մի քարե ժպիտ ու մի անշունչ տուն։

Եվ քո փոխարեն քամին է գրկում,

Եվ քո փոխարեն անձրևն է երգում,

Ու բարդիներն են բոյդ գողացել,

Արևն էլ՝ քեզնից ջերմություն վերցրել։

Հողը մարմինդ է առել գրկի մեջ,

Երկինքն է հագել հոգիդ թափանցիկ,

Աստղերն են փայլում աչքերիդ տեղակ,

Լուսինն է շրջում ժպիտովդ թովիչ…

Եվ ժամանակն է մեռնում օրվա մեջ,

Առանց քեզ կյանքն էլ առաջ չի գնում,

Ներկան մոռացած՝ անցյալի մեջ ենք

Ու անցյալ դարձած ապագան ենք քննում։

Երնե՜կ հուշերին, որ քեզ գիրկն առած՝

Տանում են երկնի անհուն հավերժը,

Լույս հրեշտակն էլ իր թևին առած՝

Տանում է դրախտի կանաչ շղարշը։

Դու մեր ժպիտի, մեր կյանքի դիմաց

Կյանքդ զոհեցիր՝ դեռ գարուն չապրած,

Ընկար, որ լինենք ու հպարտ մնանք

Ու հողում պահենք մի դեռատի կյանք…:

Բարսեղի զինակից ընկերներից Վռամն էլ հիշեց՝ պատերազմի ժամանակ, երբ բունկերում են եղել, տղաներից մեկը հոգեբանական վատ վիճակում է եղել, սկսել է ծխել. «Օդ չկար շնչելու՝ ասացի, որ չծխի, մեկ էլ Բարսեղը պտտվեց ու ասաց՝ թող ծխի, հանգստանա: Իր ասած բառերի մեջ շատ մեծ իմաստ կար, ու մինչև հիմա զարմանում եմ, թե ոնց այդքան բանը չէի կարողացել հասկանալ»,- պատմեց զինակից ընկերը:

https://youtu.be/wWQrKA-gFlg