Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Արթուր Աղասյան. հատուկ ջոկատայինների հետ մարտը ղեկավարած զինվորը

Ապրիլի 02, 2022

Ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի հատուկ ջոկատայինների սանձազերծած նախահարձակ գործողությունները շատ վայրերում կանխվեց ու տապալվեց շարքային զինվորների կողմից: Նրանցից մեկն Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանն է, ում կազմակերպված քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախան դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաներն ունեցան ընդամենը մեկ վիրավոր:

19-ամյա Արթուր Աղասյանը իր սխրագործության  համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Արցախի հյուսիսում տեղակայված դիրքերից մեկում  նորօրյա հերոսը Մեդիամաքսի թղթակցին պատմել է` ինչպես դիմավորեցին ու «ջարդ տալով» հետ շպրտեցին Ադրբեջանի զինուժի հատուկ ջոկատայիններին:

9 ամիս է` ծառայության մեջ եմ: Ապրիլյան պատերազմի ընթացքում դիրքում երրորդ հերթափոխս էր: Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ մեր ընկերներից մեկը հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր: Երեկոյան էլ կրակում էին, մտածեցինք` իրենց բնորոշ հերթական խաղն է, բայց շուտ հասկացանք, որ հակառակորդն այս անգամ չի լռելու: Մենք էլ սկսեցինք ականանետերով կրակել: Գիշերը`ժամը 03:45-ից, մեկ ժամ շարունակ հրետակոծեցին մեր առաջնագիծը: Միաժամանակ մի քանի միավոր հրետանի էր աշխատում:

Ես դիրքի ավագն եմ: Տղաներին իջեցրեցի ներքեւ, որ ավելի անվտանգ տեղում դիրքավորվեն ու պատսպարվեն: Հակառակորդը սկսեց հրետակոծել կացարանի տարածքը.  ոչ աջ,  ոչ ձախ հնարավոր չէր գնալ: Այդ ընթացքում նրանք մաքրել էին մեր ականապատ դաշտը, որ առաջ գային:

04:45-ին լռեցին: Մեր դիրքի ողջ անձնակազմը կացարանում էր: Ներսից դռան մոտ կանգնած հերթապահն ասեց, որ ձայներ է լսում:  Դուրս եկա: Մոտ 30 հոգանոց դիվերսիոն խումբը` «յաշմա» հատուկ դաժանություն ունեցող ջոկատայինները, որոնք մոտ 40 տարեկան էին, մեր դիրքում էին, գալիս էին կացարանի ուղղությամբ:

Մեկ ժամ տեւած հրետակոծության ժամանակ մինչեւ 220 արկ էին թափել մեր ուղղությամբ, հետո անօդաչու բարձրացրել, տեսել էին դիրքում մարդ չկա ու մտածել, թե կամ փախել ենք, կամ զոհվել: Երգելով, սուլելով առաջ էին գալիս, մի մասը, վստահաբար, ինչ-որ բանի ազդեցության տակ էր:

Ժամեր առաջ մեր զոհված ընկերոջ վրեժը դեռ թարմ էր: Էդ պահին հասկացանք, որ եկել է հատուցման ժամը, մենք մեր զոհված ընկերոջ պարտքը պիտի տանք:

Նրանցից մեկը վազելով առաջ եկավ, որ կացարանի վրա նռնակ նետի, պատուհանից նռնակը գցեցի նրա ուղղությամբ: Հասցրեցին կտրել «տապիկի» լարը, չկարողացանք զանգել ու զգուշացնել, որ դիվերսիոն խումբ է մտել, սկսեցինք ինքնուրույն գործել:

Քսան րոպեից ավել մարտ ենք վարել հատուկ ջոկատայինների հետ: Մեծ շփոթմունք առաջացավ նրանց մեջ, երբ խմբի հրամանատարը վիրավորվեց: Հետո խուճապը տարածվեց, տեսնելով, որ շատ զոհեր ու վիրավորներ ունեն, սկսեցին փախչել: Կարմիր «ռոպ» տվեցին, ինչը նշանակում էր, որ ձախողվել են,  մի մասը զոհվեց, մյուս մասը փախավ` չհասցնելով տանել զոհերի դիակները: Նրանց մեծ մասին նռնակներով ենք ոչնչացրել` շատ դաժան, ոնց իրենք են վարվել մեր մյուս տղաների հետ, այնպես էլ՝ մենք:

Հիմա էլ այն դիրքում ենք, որտեղ եղել ենք ապրիլի 2-ին:

Մեր դիրքից միայն մի վիրավոր ունեցանք` Հարություն Բադալյանը, ով վիրավորվելուց հետո էլ շարունակեց կռիվը: Նրան օրերս պարգեւատրեցին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Դիրքի մյուս տղաները «Արիության մեդալ» ստացան:

Այս պատերազմը շատ բան սովորեցրեց մեզ: Հատուցման պահին բոլորս ենք սպասել, երբ այն գալիս է, ու կարողանում ես լուծել ընկերոջդ վրեժը, երբ պահում ես քո դիրքը, որը միշտ քոնն է եղել, հանգիստ խղճով զենքդ վայր ես դնում` ավելի մեծ պատասխանատվությամբ ու զգոնությամբ սպասելով այն կրկին վերցնելու ու գործդ շարունակելու պահին: