Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Քսանը դեռ չէր բոլորել

Հունվարի 20, 2024

Բժիշկ պիտի դառնար, բայց չհասցրեց. 91-ին, լինելով բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, անդամագրվեց «Նիկոլ Դուման» ջոկատին ու եկավ Արցախ։ Եկավ հայրենի հողը պահելու, եկավ կռվելու ու հերոսանալու։
-Ջոկատի հոգին էր նա ու լավագույն հետախույզը,- մարտական ընկերներն են ասում ու բազում օրինակներով հաստատում։

Քանի՜-քանի՜ անգամ է քայլել-անցել մահվան ճամփեքով՝ իր քաջությամբ օրինակ ծառայելով շատերին։ Ջոկատի հրամանատար Մուրադ Մուրադյանը, որ մասնագիտությամբ մանկական վիրաբույժ էր, կոչումով՝ կապիտան (զոհվել է 1996-ի մարտի 10-ին, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ), սիրում էր հաճախակի կրկնել.
-Արմեն, մեզնից ամենից շատ դու ես ֆիդայու նման՝ թիկնեղ ես, բարձրահասակ, պարթեւ, ազդեցիկ…
Իսկ Արմենը մեղմ ժպտում ու համեստորեն պատասխանում էր.
-Մենք ի՞նչ ֆիդայիներ ենք, մենք ընդամենը զինվորներ ենք, ֆիդայիներն ուրի՜շ էին…

Չէր սիրում իր մասին խոսել, հերոսի կեցվածք ընդունել։ Բայցեւ նա իրեն իբրեւ հերոս դրսեւորել էր տակավին Երասխավանի ու Նոյեմբերյանի համար մղված մարտերում։ Նա արիասիրտ զինվոր էր, իսկական ռազմիկ՝ մտածողությամբ, հոգով ու կոչումով։ Նա զոհվեց ինչպես վայել է իսկական մարտիկին։ Զոհվեց կռվի դաշտում՝ զենքը ձեռքին…

***
1992-ի ապրիլի 1-ին ջոկատը, որի ոգին էր Արմենը, հատուկ առաջադրանքով մոտեցավ Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղին։ Շուտով լուր ստացվեց, որ գյուղի վրա երեք տանկ է գալիս։
-Մեկին ես կխփեմ, կհանեմ շարքից, մյուսները կփախչեն,- շատ ինքնավստահ ասաց Արմենը։

Բայց տանկերը երեքը չէին, ոչ էլ՝ հինգը։ Շատ էին։ Երեւացին նաեւ բեռնատարներ՝ տասնյակ հետեւակայիններով։ Արմենը իր երկու ընկերների հետ մարտի բռնվեց. ուժերն անհավասար էին։ Եվ երբ Արմենը տանկի արձակած արկից խոցվեց, կրակն իր վրա վերցրեց քիչ հեռվում դիրքավորված Աշոտը։ Նա կարողացավ թաքցնել Արմենի մարմինը, բայց ինքն էլ մահացու վերք ստացավ։ Թշնամին խոշտանգում, անարգում է խեղճի մարմինը։ Երրորդի՝ Սլավիկի ճակատագիրը առայսօր մնում է անհայտ։

Ադրբեջանական հրոսակները համոզված էին, որ ֆիդայիները փորձելու են մարտի դաշտից հանել զոհված ընկերներին։ Ու սպասում էին։
Երբ Ստեփանակերտից օգնություն ու համալրում ստացած ջոկատը հարձակման անցավ, փախուստի դիմած խուժանը իր տված շատ ու շատ զոհերի հետ թողեց նաեւ Արմենի ու Աշոտի դիակները։ Յոթ օր հետո քեռին՝ Վլադիկ Աղաբեկյանը (երեք ամիս անց նա էլ զոհվեց), մի խումբ մարտիկների հետ դուրս բերեց Արմենի ու Աշոտի դիակները. Արմենին հողին հանձնեցին հայրենի Մեծ Թաղեր գյուղում։

***
Քսան տարին դեռ չէր բոլորել, բայց նման էր հասուն, առնական տղամարդու։ Մեծ մտքի տեր էր ու նաեւ՝ մեծ ուժի։ Ասում են, որ հակառակորդը սարսափում էր նրանից ու «Ասլան բալասի» էր կոչել։
Մայրը՝ բուժքույր Վալյան (ափսոս՝ հիմա չկա), արցունքը հազիվ զսպելով, պատմում էր, որ իրենք սկզբում չգիտեին, տեղյակ չէին, որ Արմենը ուսումը թողել ու անդամագրվել է «Նիկոլ Դումանին»։

«Մայրիկ, ես չեմ կարող տանը հանգիստ նստել, երբ հարյուրավոր, հազարավոր ջահելներ կռվի են ելել հանուն Արցախի։ Իմացի՛ր, մեր առջեւ ձգվում է արյունով ներկված երկար ու դժվարին մի ճանապարհ, որ տանում է դեպի Արցախի, դեպի մեր հող ու ջրի վերջնական ազատագրումը։ Մի բան եմ խնդրում միայն` իմ մասին քիչ մտածեք, ձեզ լավ նայեք։ Մի խնդրանք էլ. էնպես արեք, որ իմ քույր փոքրիկ Գայանեն լավ սովորի, որ կարողանա բժշկական ընդունվել…
14.02.92. Արմեն»։
Սա նրա նախավերջին նամակն էր։ Վերջինը գրել է սրտից ծորացող արյունով՝ հազար ու մի ծաղիկ վառող մայիսին՝ արեւի շողերից ժպտացող, հորհորատող կանաչի վրա…

***
Օրեր, տարիներ են անցել, ու հիմա Արմենը դարձել է երազ, դարձել է սեր ու կարոտ, դարձել է հուշ, դարձել պատմություն։ Հիմա նա ծնողներին, հարազատներին, քրոջը՝ Գայանեին (իրականացել է Արմենի բաղձանքը), բոլորի՜ն-բոլորին նորից նայում է իր պարզ ու խոհուն հայացքով, բայց արդեն… քարե պատվանդանից, որի վրա փորագրված է դպրոցական տարիներին նրա գրած մի բանաստեղծությունը, որ վերջանում է հետեւյալ տողերով.
…Ես գնում եմ ու ասում եմ ձեզ. «Մնացե՜ք բարով…»։
Փառք քեզ, Արմեն, ու քեզ նմաններին։

Հ.Գ. -2001 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մայիսի 9-ի հրամանագրով խիզախ հայորդին՝ Արմեն Էդուարդի Ղունյանը, հետմահու պարգեւատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։