Հոկտեմբերի 9-ին Նարինեն պատերազմում կորցրել է որդուն և եղբորը
45-ամյա Նարինե Հակոբյանի 22-ամյա տղան՝ Ասրի Մարգարյանը, և 43-ամյա եղբայրը՝ Նվեր Հակոբյանը, նույն օրը զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ, գրում է medialab.am-ը։
«Իրանք երկուսն էլ նույն պոստում են զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից, իրանց ամբողջ ջոկատն ա զոհվել, մի հոգի ա մենակ ծանր վիրավորվել»,- հուզմունքով ասում է Նարինեն։
Նարինե Հակոբյանը մասնագիտությամբ բուժքույր է, ծնվել, մեծացել, ընտանիք է կազմել Շուշիում։ Պատերազմը Նարինեից խլեց տունը, հայրենիքը, որդուն ու եղբորը։
«Ինչպե՞ս պետք է լինենք, ինչպես բոլորը։ Աննկարագրելի ցավ է»,- ասում է կինը։
Նարինեի տղան՝ Ասրին, սիրում էր սպորտը և երաժշտությունը։ Ավարտել էր Շուշիի երաժշտական դպրոցը, այնուհետև Ստեփանակերտում՝ վոկալի բաժինը, բայց բանակից վերադառնալուց հետո որոշել է շարունակել զինվորական ծառայությունը:
Նարինեն նշում է՝ իրենց ամբողջ ընտանիքը հայրենիքին էր նվիրված, բոլորի գործերը ուղղված էին հայրենիքին։ Ինքը Շուշիի հիվանդանոցում ավագ բուժքույր էր, պատերազմի ժամանակ սպասարկում էր վիրավոր զինվորներին, մեծ տղան կապիտան է, ամուսինը երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, Ասրին ևս ընտրեց հայրենիքին ծառայությունը՝ պայմանագրային զինծառայության անցնելով։
«Որոշել էինք, որ Ասրին կոնսերվատորիան ավարտեր, բայց չգտավ իրան էդտեղ, մենք բոլորս նվիրված էինք հայրենիքի պաշտպանությանը, բանակից հետո տղաս որոշեց մտնել ծառայության»,- ասում է Նարինեն ու նշում, որ տղան սեպտեմբերի 28-ին արդեն պետք է սպեցնազում ընդգրկվեր, սպասում էր հրամանի, որը պետք է երկուշաբթի տրվեր, բայց կիրակի սկսվեց պատերազմը, և տղան առանց հրամանի մտավ սպեզնազի մեջ ու սկսեց կռվել:
Նարինեի եղբայրը՝ 43-ամյա Նվեր Հակոբյանը, ևս զինվորական ծառայություն է իրականացրել հայրենիքում, սակայն վերջին 13-ին տարիներին ընտանիքով մեկնել էր Ռուսաստան: Նախքան պատերազմը վերադարձել էր և որոշել Արցախում գործ դնել, հաստատվել հայրենիքում։ Պատերազմը սկսվելուն պես Նվեր Հակոբյանը կամավորագրվում և հատուկջոկատայինների խմբում ներգրավվում ու մեկնում Ֆիզուլի:
Նվեր Հակոբյանը քրոջ տղայի՝ Ասրիի հետ Ֆիզուլիի դիրքերում հոկտեմբերի 9-ին զոհվում է։
Նարինե Հակոբյանն ասում է, որ դեպքից ընդամենը ժամեր առաջ էր խոսել տղայի հետ․ «Ասեց՝ մամա, լավ ենք։ Հոկտեմբերի 8-ին 11-ն անց էր, որ խոսեցի, բայց գիշերն արդեն 1-ն անց կես իրենք զոհվում են։ Տղուս նշանածն էր զանգել, ասեց՝ վիրավոր են, տղաս նշանված էր»,- ասում է մայրը և հուզվում։
Հաջորդ օրն արդեն Նարինեն իմանում է, որ եղբայրն ու տղան ոչ թե վիրավոր են, այլ զոհվել են․ «Սկզբում մեզ չէին ասում, ասում էին՝ վիրավոր են։ Մեծ տղաս զանգեց, ասեց՝ մի՛ մտածի, վիրավոր են, տարել են Գորիս։ Հետո մեծ տղաս եկավ Մարտակերտից, առավոտը արդեն լուսացավ, ինձ ասեցին»։
Նարինեն պատմում է, որ սկզբում եղբորն են հողին հանձնել, հետո՝ տղային։
Երկուսն էլ պայթյունից այրվել էին, բայց քանի որ եղբայրը ճանաչելի էր, հնարավոր է եղել նույնականացնել․ «Տղայիս համար ԴՆԹ արեցին, հետո ճանաչեցինք, 7 օր հետո թաղումն արեցինք Շուշիում, քանի որ ես էնտեղ էի աշխատում, պապայիս գերեզմանն էլ էր էնտեղ»։
Նարինեն ասում է՝ 4 ամիս հետո կարողացել են որդուն ու եղբորը վերահուղարկավորել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում։ «Մարտ ամսին, փառք Աստծո, կառավարության ու ռուսների միջոցով տեղափոխել ենք»,- հուզմունքով վերհիշում է Նարինեն։
Նարինեն ասում է՝ երկու տղաների նշանադրությունն էլ նախորդ տարի կազմակերպել էին նույն օրը, ցանկանում էին նույն օրն էլ կազմակերպել երկուսի հարսանիքը, բայց պատերազմը բոլոր ծրագրերը փոխեց․ «Հիմա տղայիս նշանածը գալիս-գնում ա, մեզ հետ շատ կապված ա, ինքն էլ ա շատ ծանր տանում»։
Նարինեն ասում է՝ ողբերգական դեպքերից հետո փորձում են շարունակել ապրել, աշխատել, բայց ապագա չեն պատկերացնում: «Հիմա հիշողություններով ենք ապրում, մեր ապագան չենք տենում, չենք էլ մտածում, որովհետև ներկա դրությամբ շատ անորոշ վիճակում ենք»,- նշում է նա։