Հայացքը, խոժոռ նայելը, ամեն ինչ նման ա. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը՝ Վահանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահան Աբրոյանը։
Վահեի ընտանիքը Գեղարքունիքի մարզից է։ Նա տան միակ տղա զավակն էր, ուներ երկու քույր։ Վահեն ծառայում էր Ֆիզուլիում, բայց պատերազմի մեկնարկից եղել է Ջրականում և Հադրութում։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկայում։
Վահեի հայրը՝ Կարենը, պատերազմից երկու օր անց Արցախում է եղել, ցանկացել է որդու մոտ հասնել, բայց չի ստացվել, իրեն տարել են Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք։
«Գնացի Օմար, պայքարեցի, կռվեցի, անգամ դիրք վերցրինք, բայց տղես չգիտեր։ Ասում էր՝ պապա ոնց ես։ Վիրավորվել է, հոսպիտալ տարան, հետո տղես նորից չիմացավ, որ հոսպիտալից դուրս գալուց հետո նորից գնացել եմ Արցախ ու նորից վիրավորվել եմ։ Էլի էի ուզում գնայի տղուս մոտ, բայց չհասցրի։ Երեխուս ձայնը չէինք լսել, անհանգստացանք։ Հոկտեմբերի 28-ին զանգեցին ու ասացին, որ երեխես էլ չկա»,-հուզված պատմեց Վահեի հայրը։
Հորն ասել են, որ տղայի դին ուղարկում են Գորիս, հայրը շտապել է այնտեղ․ «Ձախ կողքից ԱԹՍ-ի հարված է ստացել։ Կռվել է մինչև վերջ, մեկ ամիս շարունակ։ Մի օր էլ զանգել է, թե բա շրջափակման մեջ ենք, մատաղ արեք։ Մատաղ արեցինք, երեխես փրկվել էր ու մի քանի հոգու էր փրկել։ Ես երկու պատերազմի եմ մասնակցել, ասել է՝ հայրս գիտի, որ չպետք է կանգնել մինամյոտի տակ ու փրկել էր բոլորին»,-ասաց նա։
Հայրն ասում է, որ Աստծու կամքով հրաշք տեղի ունեցավ՝ ծնվեց իրենց փոքրիկ Վահանը․ «Որոշեցինք անունը Վահան դնել, որովհետև Վահես երազիս մեջ եկավ ու ասաց՝ պապ եղբայր եմ ունենալու, անունը Վահան կդնեք։ Շնորհակալ եմ, Աստծուց ու հատկապես բժիշկներից, որ պայքարեցին, ամենավերջին վարկյանին էլ պայքարեցին»,-ասաց Կարենը՝ Վահեի հայրը։
Կարենն ասում է, որ փոքրիկ Վահանն իրենց կյանքը փոխելու է, բայց Վահեի կորուստը դեռ ցավեցնում է․ «Սպին սրտումս մնացել է, բայց այս հրաշքը հաստատ կփոխի ամեն բան, ապրելու իմաստ չունեի, հույսս կորցրել էի, բայց Աստծու կամոք հրաշք կատարվեց»,-ասաց նա։
Հայրն ասում է, որ փոքրիկ Վահանը շատ նման է Վահեին․ «Վահես մարմնով չկա, հոգին լրիվ այս փոքրիկի մեջ է։ Շատ նման են։ Խաղաղություն եմ ցանկանում փոքրիկիս ու ողջ հայ ազգին, թող ոչ ոք նման բան չտեսնի։ Մեր տղերքը լավ ապրեն, ուրախ ապրեն, մահն էլ ժամանակին լինի, ոչ թե պատերազմի պատճառով»,-ասաց նա։
Հայրը պատկերացնում է, որ Վահանն իր ավագ եղբոր՝ Վահեի կիսատ թողած բոլոր երազանքներն ու նպատակները կիրականացնի։ Վահեի մայրը՝ Երանուհին ևս, նմանություններ է տեսնում Վահեի ու Վահանի մեջ։ Խոժոռ հայացքը, քաշը, ամեն ինչ նմանեցնում են իրենց հերոս որդուն․ «Ամեն ինչով նման են, միայն Վահեն ավելի թուխ էր, իսկ Վահանս սպիտակամաշկ է ծնվել։ Որ աչքերը բացում նայում է նույն խոժոռ հայացքով է նայում։ Որ գրկում եմ Վահանին գիտեմ, թե Վահեին եմ գրկում, բայց նա Վահեն չէ։ Վահեին չեմ փոխարինի։ Վահեն միակն էր, ուզում էի լիներ առողջ ու երջանիկ»,-ասաց մայրը։
Զրույցին խառնվում է հայրն ու կիսաուրախ տոնով ասում, որ իր տան ծուխը նորից շարունակվելու է․ «Մեր հայ ազգին ցանկանում եմ, որ շատ բալիկներ ունենան, մեկ կամ երկու երեխայով չբավարարվեն»,-նշեց Վահեի հայրը։
Մայրը մտածել է, որ ամեն գնով պիտի պահպանի փոքրիկ Վահանի կյանքը, որովհետև իրենց ապրելու իմաստը կորել էր, իսկ հայրն էլ հպարտանում է՝ նորից զինվոր ծնվեց։
Հարցին, թե Վահանի՞ն էլ եք ուզում զինվորի կարգավիճակում տեսնել, հայրն ասաց․ «Անպայման, հայ տղան պիտի զինվոր լինի», մայրն էլ հաստատեց իր ամուսնու խոսքերը՝ հայրենիքի համար պիտանի մարդ պետք է լինի։
Վահեն հոր երազում հաճախ է գալիս, իրար հետ հաճախ են զրուցում ու ինչպես հայրն է ասում՝ ուժ է տալիս։
«Ինքը հոգով մեր հետ է, ամեն քայլիս գիտեմ, որ կողքս է, գիտեմ՝ հետս քայլում է, որ դժվարության եմ հանդիպում՝ իրեն եմ դիմում»,-ասաց մայրը՝ հավելելով, որ իրենց տանը սպասում են Վահեի ու Վահանի երկու քույրիկները, բայց շատ համեստ են ամեն բան կազմակերպել, ինչպես Վահեն է սիրել։
«Վահեն միշտ ասում էր թող ինձ սիրեն իմ մարդ տեսակի համար, ոչ թե գրպանիս պարունակության համար։ Եթե պիտի գրպանիս պարունակության համար ինձ սիրեն, թող հետս չշփվեն, թող ինձ սիրեն այնպիսին, ինչպիսին ես կամ»,-պատմեց Երանուհին։
Փոքրիկ Վահանի ծնվելուց առաջ մայրիկի մոտ բարդություններ են առաջացել, բայց ինչպես ծնողներն են նշում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ամեն բան անցյալում է։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Ղուկասյանն ասում է, որ Վահեի մոր մոտ բարդություններ են եղել հղիության ընթացքում, բայց այս պահին ամեն բան կարգին է․ «Հղիության վերջում ի հայտ են եկել որոշակի բարդություններ, մասնավորապես հղիության հիպերտենզիայով էստացիոն դիաբետ։
Անմիջապես ուղեգրվել է մեր կլինիկա որպես երրորդ մակարդակի ծննդատուն։ Մեզ մոտ հոսպիտալացվել է, ստացել է համապատասխան բուժում ու անցել է մի քանի հետազոտություններ։
Կոլեկտիվի թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել հասուն ժամկետի և դիմել ծննդախթանման, ինչի շնորհիվ ծնվել է փոքրիկը 3400 գրամ քաշով։
Ծննդաբերել է բնական ճանապարհով, չնայած օրեր առաջ ունեինք պտղի միջաձիգ դրություն, որը սպառնում էր, որ կարող է կեսարյան հատման կարիք լինի, բայց ընտրեցինք այն պահը, երբ գլխային առաջադրություն էր և խթանեցինք, որպեսզի բնական ճանապարհով ծննդաբերի»,-ասաց բժիշկը։
Բժիշկն ասում է, որ շատ ծնողները շատ հավասարակշված են եղել, ինքն էլ, հիացած է Վահեի ծնողների պահվածքով․ «Ինչի միջով, որ իրենք անցել են ես տեսել եմ ու հիացած եմ»,-ասաց նա։
Տեսանյութը՝ այստեղ