Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հերոս Դավիթ Հարությունյանը մտերիմների հուշերում

Մայիսի 25, 2022

Մայրիկի հուշերը

Տղաս իմ ուժն էր, իմ երջանիկ անցյալը, իմ երազանքներով լի ներկան ու ապագայի հենարանը։ Տարիների քրտնաջան աշխատանքով կառուցած տունս լիանում էր նրա ներկայությամբ։ Դավիթս նվիրված էր ամենքին ու ամեն ինչին, ընտանիքին, ծնողին, հարազատին, ընկերությանը։ Բայց ամեն բանից առավել նվիրված էր հայրենիքին։ 

Երբ Դավիթս  նոր պիտի ծնվեր անուն դեռ չէինք որոշել, ամենամտերիմ մարդկանցով հավաքվել և ամեն մեկս մի անուն էր ասում, հանկարծ ամուսնուս մեծ քույրը ասաց. <<Եկեք Դավիթ դնենք>>։ Բոլորս միանգամից համաձայնվեցինք ու սիրեցինք այդ անունը։ Իսկ երբ ծնվեց բալես, այնքան առողջ ու քաշով մեծ էր, որ բժշկուհին իմացավ անունը, ասաց շատ համապատասխան անուն ենք ընտրել, իսկական Սասունցի Դավիթ է։ Շատ առույգ, չարաճճի, բայց բարությամբ, խղճով տարբերվող երեխա էր տղես։ Ծղոտից պատրաստված աթոռ ունեինք, նստում էր վրան հակառակ ուղղությամբ, տան բանալին մտցնում անցքի մեջ ու պատկերացնում, թե մեքենա է քշում։ Հայրը ժամացույց էր նվիրել, այնքան էր հավանել ու ոգևորվել, որ ընտանեկան լուսանկար նկարելիս ձեռքը դրել էր կրծքին, որ ժամացույցն անպայման երևա։ Չգիտեմ ճիշտ եմ վարվել, թե ոչ, բայց փոքրուց դաստիարակել եմ հայրենասիրությամբ, հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ։ Չորս տարեկանում նստում էր երեք ակնանի հեծանիվի վրա ու ձեռքը բռունցք արած իր մանկական լեզվով երգում էր հայ քաջերը։

Մեր աշխարհը պտտվում էր Դավիթիս շուրջը, ամեն նպատակ, ցանկություն, երազանք, մեր գալիք օրերը կապված էին որդուս հետ։ Հիմա աշխարհն անհասկանալի է, սառը, օտար։ Մայրական սիրտս չի հաշտվում կատարվածի հետ, ես սպասում եմ, որ դուռը կբացվի, տղես ներս կմտնի ու ամեն անգամվա պես կասի. <<Ի՞նչ կա, մամ ջան>>։

Քրոջ՝ Էմմայի հուշերը

 Իմ հուշերում չեմ գտնում այնպիսի պահ, որ  Դավիթը նեղացներ որևէ մեկին, նա միշտ ուրախություն ու դրական էներգիա է տվել բոլորիս, իր հետ միշտ ուրախ էր ու անհոգ։ Ես հիմա շատ եմ ափսոսում, որ ամեն օր Դավիթին չեմ ասել, թե ինչքան եմ սիրում նրան  ու ինչքան ունեմ նրա  կարիքը, ինչքան կարոտ է կուտակվել իմ ներսում։

Ինքը ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տվել, որ ամբողջ կյանքում ինձ ուղենիշ կլինի։

Լինել հերոսի քույր ամենացավոտ հպարտությունն է ինձ համար, բայց ես հպարտ եմ, որ հենց Դավիթի քույրն եմ։ Շատ սիրում էր նվագել, բայց ես միշտ խանգարում էի, ծիծաղում էր, չէր կարողանում նվագել, գրկում էր գլուխս դնում թևի տակ ու ասում.<< Հիմա քեզ ինչ անեմ, հը՞ն>>։  

Մանուկ հասակում Դավիթը ուրախ, ժպտերես ու համարձակ տղա է եղել, առանց տանեցիների գիտության ընդունվում էր տարատեսակ խմբակներ, որից հետո նոր ասում հարազատներին, մի օր գնացել էր գյուղի երաժշտական դպրոց, ընդունվել էր շվիի, տնօրենը մեր տուն էր եկել, որ հարցնի արդյո՞ք տնեցիները տեղյակ են։ Ցանկացած դժվար իրավիճակում Դավիթը միշտ ասում էր. <<Քուրս, ժպիտով>>, ու հենց ժպիտով էլ հաղթահարում էինք ու ուժ էինք տալիս մեր ծնողներին։ Դավիթի հետ վերջին անգամ խոսել եմ, երբ Մեղրիում էր, քարի վրա նստած էր ամպերն էլ երևում էին, ես էլ ասում էի` էնքան սիրուն, պարզ են ամպերը, ուրեմն պատերազմը կդադարի, բայց չգիտեի, որ էլ չեմ խոսելու հետը:

Հիմա մենք ապրում ենք կիսատ, անսահման կարոտը մեր սրտում։ Ես Դավիթին կորցրել եմ ֆիզիկապես, մարմնապես, իսկ հոգեպես  ինքը իմ հետ է, իմ ներսում է, քանի դեռ իմ սիրտը աշխատում է քանի դեռ ես կամ։

Դավիթի մանկության ընկեր Արսենի հուշերը

Ընկերս բարձր տրամադրությամբ էր մեկնել հայրենիքը պաշտպանելու, միշտ ժպիտը դեմքին է եղել, ես էլ իր հետ գնացի, ճանապարհեցի իրեն: Դավիթը շատ լավ ընկեր է եղել, ամեն հարցում կողքիս էր: Մենք հարևաններ ենք եղել, տնեցիներով էլ էինք շատ մոտ: Երբ Դավիթին տարան Սիսիան` պատերազմին պատրաստվելու, մենք ընկերներով գնացինք էլի իրանց մոտ` ուտելիք ու հագուստ տանելու,  այնուհետև երբ Դավիթին տեղափոխվեցին Մեղրի, նորից ուտելիք և սնունդ տանելու նպատակով հանդիպեցի ընկերոջս հետ և դա եղավ մեր վերջին հանդիպումը։

Մարտական ընկերոջ և կնոջ եղբոր՝ Արամի հուշերը

Դավիթը մեր խմբի հոգին էր, նրա ներկայությունը տղերքի մեջ հանգստություն էր բերում, բոլորս սիրում ու ենթարկվում էինք մեր հրամանատարի հրամաններին։ Սիսիանում և Մեղրիում եղած ամբողջ ընթացքում մենք կողք կողքի ենք քնել ու պլանավորել մեր անելիքները պատերազմից հետո։ Դավիթին Վալդո մականունն էինք տվել։ Վալդոն Դավիթի մայրիկի հորեղբայրն է, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին ։  Մեզ տագնապով հոկտեմբերի 14֊ին տեղափոխեցին Ջրական (Իշխանաձոր)։ Դավիթը մեզ հետ հավասար կատարում էր թաքստոցի պատրաստման աշխատանքները, երբ հրամանատարը հայտնեց, որ ամեն խմբից երկու հոգի մոտենան սնունդը ստանալու։ Դավիթը միանգամից առաջ ընկավ, ես էլ նրա ետևից։ Մինչև հացի մեքենան մոտ 500 մ էր, քայլելու ընթացքում նա ասաց , որ շատ է կարոտել փոքր տղային՝ Վիգենին, հետո խոսեց ընտանիքի մյուս անդամների մասին։ Երբ հասնում էինք հացի մեքենային ես Դավիթին ասացի, որ առանձնանանք զանգենք տուն։ Կարծես երկուսս էլ զգում էինք, որ գուցե հետ չգանք, բայց Դավիթն ասաց ես խոսեմ ու իր կողմից ասեմ,ամեն ինչ լավ է։ Դեռ չէի հասցրել նույնիսկ բարևել հորս, երբ պայթյունի ձայնից շրջվեցի ու տեսա, որ Դավիթն ու տաս ընկերներս արդեն չկան։

Սիրելիի՝ Քնարիկի հուշերը

Սիրեցի Դավիթին իր պարզ, բարի ու նվիրված էության համար։ Երբ ամուսնանում էինք ականջիս շշնջաց, որ այսուհետ ձեռքս բաց չի թողնելու։ Ես այդ բառերի ենթատեքստում շատ ավելին հասկացա ու անսահման երջանիկ էի։ Միշտ ասում էր <<Հինգ տարի կորցրեցինք անիմաստ, հիմա արդեն հինգ երեխա կունենայինք>>, քանի որ հինգ տարի առաջ մերժել էի իրեն, սակայն մեր ճանապարհները նորից հատվեցին ու սիրեցինք իրար։ Ինձ միշտ շոկոլադ էր բերում ու թաքուն դնում էր գրպանս։ Հասկանում ու գնահատում էր ընտանիքի արժեքը։ Որոշել էինք երեք տղա և երկու աղջիկ ունենալ։ Անսահման նվիրված էր իր տղաներին, հպարտությամբ էր խոսում մեր մեծ որդու որևէ արարքի կամ խոսքի մասին։ Մի օր միասին գնացել էին ձկնորսության, բայց չէր հաջողվել ձուկ բռնել, լուսանկարել էր որդուն կարթը բռնած ու հաջորդ օրն աշխատավայրում բոլորին ցույց տվել։ Աշխատանքից ինչքան էլ հոգնած վերադառնար միշտ խաղում էր երեխաների հետ, շատ ընկերական էր։ Հետո մինչև ուշ գիշեր միասին հետաքրքիր ֆիլմեր կամ հաղորդումներ էինք դիտում։ Շատ էր սիրում փայտից գեղեցիկ իրեր պատրաստել, ապակու վրա պատկերներ էր ծեծում, առհասարակ ամեն բան ինչ կապված էր ստեղծագործելու, գեղեցիկի հետ, նրա մոտ շատ լավ էր ստացվում։ Շատ ժպտերես էր, բոլորը նրա մասին խոսելիս ասում են <<մեր ժպտերես տղան>>։ Օգնության էր հասնում բոլորին ծանոթ, թե անծանոթ։ Ընկերության հոգին էր, ընկերներով հաճախակի հավաքվում էին մեր տանը, լիաթոք ծիծաղում էր ու ծիծաղեցնում տարբեր պատմություններով։ Այնքան նպատակներ ու երազանքներ ունեինք։ Երազում էինք միասին Շվեյցարիա գնալ, շատ էր սիրում այդ երկրի բնությունը ։ 

Կյանքը խորթ է դարձել առանց նրա, բայց և ամեն վայր, որտեղ նա եղել է ու ամեն իր, որին նա դիպչել է ավելի հարազատ ու ավելի սիրելի է հիմա։ Ես սպասում եմ իրեն, գիտեմ, որ պահելու է խոստումը ու ետ է գալու, որքան էլ դա ցնորամիտ է հնչում։ Մարդիկ ասում են կյանքը շարունակվում է։ Այո շարունակվում է, բայց այլ երանգներով, որոնց հետ ոչ մի կերպ սիրտդ չի հարմարվում։ Հիմա ես ապրում եմ երեխաներիս ու նրանց հետ կապված իմ ու Դավիթիս երազանքների համար։