Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Եղբայրս մեր հողն ու ջուրը շատ էր սիրում

Մայիսի 23, 2022

Նա կիսատ թողեց նպատակներն ու անելիքները, բայց կիսակյանք չապրեց, 20 գարունների ընթացքում հասցրեց ավելին, քան շատերը՝ տասնամյակներում: Տողերս մերօրյա հերոս Դավիթ Շահնազարյանի մասին են, բայց վստահ եմ՝ դրանք բնութագրում են պատերազմի 44 օրերի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված յուրաքանչյուր հայորդու:

2000 թվականին հենց Ծիծաղի օրը՝ ապրիլի 1-ին, Շահնազարյանների ընտանիքը խինդ ու ծիծաղով լցվեց. 4 դստրիկներից հետո լույս աշխարհ եկավ երկար սպասված որդին՝ Դավիթը: Մարզական ուղի անցած ու դպրոցն ավարտելուց հետո զինվորականի ճանապարհն ընտրած երիտասարդը 2019-ի ամռանն էր զորակոչվել: Իր ընտրությամբ 6 ամիս վերապատրաստվելուց հետո՝ Հոկտեմբերյանից որպես սերժանտ ուղևորվել էր Հադրութ:

<<Մենք իր համար ոչինչ չենք խնայել, բայց նա իր կյանքը մեզ համար <<խնայեց>>: Դավիթս գիժ, խենթ կյանքով է ապրել, արել է այն, ինչ ինքն է ցանկացել, բայց երբեք սահմանը չի անցել: Ուղղակի շատ ինքնուրույն տղա էր>>, - Aysor.am-ի հետ զրույցում, արցունքները զսպելով, նշեց մերօրյա հերոսի քույրը՝ Նունե Շահնազարյանը:

Դավիթի հերոսը միայն Մոնթեն կամ Նժդեհը չէր. 4 տարի առաջ նրան ոգեշնչող հերոսների ցանկում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն է ավելացել: Ռոբերտի՝ <<Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն՝ ես նրա մերը>> վերջին խոսքերը Դավիթին ստիպել են նույնիսկ արտասվել: Ու սեպտեմբերի 27-ին, հիշելով Ապրիլյան պատերազմի հերոսի խոսքերը, մերօրյա հերոսը երդում է տվել՝ գնալու է մինչև վերջ: Վերջին օրն էլ, կյանքի ու մահվան կռվում կրկնել է այն բառերը, ինչ՝ Ռոբերտը...

<<Ավաղ՝ տղերքը գնացին, հողերն էլ հետը: Միայն Շուշիի մատույցներում այդ պահին մոտ 400-500 զինվոր է զոհվել, մաղվել... Եղբայրս մեր հողն ու ջուրը, բանակային կյանքը շատ էր սիրում: Իր դպրոցական տարիներին բանակի մասին մի սերիալ կար՝ <<Բանակում>>, մեծ հաճույքով նայում էր, Արտյոմ Կարապետյանի հերոսին էր շատ հավանում (Մինաս, հեղ.): Իր հետ ծառայած տղաներն ասում են, որ ինքն էլ արդար ու կայացած սերժանտ էր, 2 օրվա մեջ զինվորների հետ լեզու է գտել>>, - նկատում է զրուցակիցս:

Ողջ մնացած ընկերներն ընտանիքին պատմել են, թե հրամանատարի պարտականությունն իր ուսերին վերցրած 20-ամյա սերժանտն ինչպես էր ամեն փամփուշտի վրա դողում: Դրանք քիչ են եղել ու փորձել է ամեն ինչ անել, որ փամփուշտի պակասը չզգան, որ քիչ զինամթերքով էլ շատ թուրք <<էն աշխարհ>> ուղարկեն: Կարգադրել էր՝ «սպասեք, թող մոտիկանան, ու հենց հրամայեմ, նռնակներ կգցեք>>:

<<Այդ 40-ից ավելի օրերի ընթացքում բոլոր մարտերում հաղթանակած է դուրս եկել: Տղաները պատմեցին, որ նույնիսկ <<սպեցնազի>> պարտականությունն է իր վրա վերցրել, երբ նրանք հրաժարվել են. իրենից տարիքով մեծ 2-3 տղամարդու հետ նստել, խնձորի օղի է խմել ու անցել թշնամու թիկունք՝ հաջողությամբ իրականացնելով <<օպերացիան>>: Մենք չէինք էլ պատկերացնում, որ մեր լավ պահած տղեն այդքան բան կարող էր անել>>, - ընդգծում է նա:

Դավիթի վերջին երկու զանգերը հորն ու քրոջ ամուսնուն են եղել՝ Քարին տակից. նոյեմբերին 6-ին հայրիկի հետ է խոսել, պատմել, որ թշնամին 5000 հոգով Շոշ գյուղն է լցվել: Յուրաքանչյուր կորսված շրջանից ընկճվել, բայց նույն պահին ոտքի է կանգնել, զորքին համախմբել ու առաջ գնացել:

<<Ցավդ տանեմ, հանկարծ դուխդ չգցես, հենց դուխդ գցես՝ իմացիր, որ կպարտվես>>, - հուզմունքը զսպելով՝ միակ որդուն խորհուրդ է տվել հերոսի հայրը:

Մեկ օր անց էլ, քույրերից մեկի ամուսնու հետ խոսելիս, իրողությունը չի թաքցրել.

<<Տեղներս շատ նեղ ա, օգնություն չունենք, չորս կողմում էլ թուրքն ա: Մեզ հետ ուրիշ հրամանատարներ չկան, մենք ենք՝ մերոնցով>>, - ասել է Դավիթն ու փեսայի միջոցով փոխանցել.

<<Ես մերոնց այսօր չեմ զանգի: Դու կխոսես, կասես, որ լավ եմ: Մերոնց լավ կնայես...>>

Հարազատները նոյեմբերի 7-ից 15-ը Դավիթից տեղեկություն չեն ունեցել, ամեն վայրկյան զանգի են սպասել՝ հույս ունենալով, որ լռության պատճառը զուտ տեղի անհարմարությունը, կամ կապի բացակայությունն է: Մեկտեղ, իրենց մեջ ուժ էին գտել ու նրան փնտրում էին նաև վիրավորների ու զոհերի շարքերում՝ այցելելով հիվանդանոցներ ու դիահերձարաններ... Ցավոք, գտան անմահացածների շարքում՝ կոտրված ոտքով ու խոցված սրտով:

<<Մեզ ասացին, որ ոտքն ու սիրտը միանգամից է խոցվել: Երևի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով է բեկորը թռել ու սիրտը մտել: Միշտ խոսելուց ինքը հայրիկիս ասում էր՝ <<պապ, ես թուրքի հետ դեմ-դիմաց կռվելուց չեմ վախենում, ես օդից եմ վախում, քանի որ մեր օդը պաշտպանված չի, ու չենք կարողանում իրենց պատասխանենք>>: Փաստորեն, հենց դրանից էլ գնաց... Մեզ բոլորն ասում են՝ ինչպես ձեր տղան էր հերոս, այդպես էլ դուք կարողացաք այդ ամենը հերոսաբար տանել: Երբ եղբորս զոհվելու մասին իմացանք, հայրս բոլորիս հավաքեց ու ասեց՝ <<եկեք բոլորս իրար մի բան խոստանանք. գիշերը վերմակի տակ կլացենք, կբղավենք, բայց առավոտյան ժպիտով մեր տղուն կընդունենք ու ճամփու կդնենք»: Այդպես էլ արեցինք... Զգում եմ, որ մայրս հանուն մեզ՝ իր 4 աղջիկների, ցավն իր մեջ խեղդում ու ժպտում է, բայց հաճախ ուզում է մենակ մնալ, որ լացի, հանգիստ ու առանց կաշկանդվելու լացի>>, - հուզմունքով մանրամասնում է Նունեն:

Դավիթը սիրած աղջիկ ուներ, առաջիկայում պատրաստվում էր նշանադրվել: Քույրը կեսկատակ-կեսլուրջ եղբորն ասել էր՝ <<մազերս երկարացնում եմ, որ հարսանիքիդ սիրուն սանրվածք անեմ>>:

<<Ես հարսանիք չեմ անելու>>, - զինվորականին բնորոշ՝ կարճ ու կոնկրետ պատասխանել էր սերժանտը:

<<Մայրիկիս երազանքն էր, որ իրեն մեծ հարսանիք անենք: Բայց եղբայրս երևի գիտեր, զգում էր, որ ինձ այդպիսի բան ասեց: Մայրս Դավիթի ծնվելուն երկար է սպասել, երազել է տղա ունենալու մասին: Բայց վերջերս խոստովանեց՝ զգում էր, որ որդուն կորցնելու է: Այդ միտքն իրեն հանգիստ չի տվել հատկապես պատերազմի օրերին. բանն այն է, որ տատիկս ու իր երեք քույրերն էլ մեկ եղբայր ունեին, ով Հայրենական պատերազմից չի վերադարձել, նույնը պապիկիս հորեղբայրը, հայրը... Մամաս անընդհատ կրկնում էր՝ ես վախենում եմ, էս տանից պատերազմ գնացող մարդը հետ չի գալիս>>, - հոգոց հանելով՝ ընդգծեց զրուցակիցս:

20-ամյա, բայց արդեն փորձառու զինվորը, ռազմաճակատում գիտակցված մահվան գնալով՝ օրեր առաջ մորն ու սիրելիին հրահանգել էր ու խոստում վերցրել՝ եթե ինքը չվերադառնա, մայրը երբեք չի սևավորվելու, սիրած աղջիկն էլ ամուսնանալու է:

Դավիթն ու ծնողները վերջին անգամ հանդիպել էին 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ անակնկալ եկավ տուն՝ հայրիկի ծնունդը շնորհավորելու:

Դավիթ Շահնազարյանը Տավուշի մարզի Իջևանի շրջանի Աճարկուտ համայնքից է: Մեծ նպատակներ ուներ, գործարար էր ուզում դառնալ, հայրենի Աճարկուտը շենացնել: Նույնիսկ որոշել էր, թե բիզնեսն ինչից է սկսելու... Արցախցի զինընկերներից մեկին էլ խոստացել էր՝ իրենց գյուղ է տանելու, տուն է տալու ու իրար հետ գործ են <<դնելու>>:

<<Ընկերասե՞ր էր>>՝ հարցիս ի պատասխան Նունեն ժպտում է՝ <<շատ, նույնիսկ ավելին>>:

<<Եղբայրս սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն է, այնինչ, կարող էր չեմպիոն լինել: Բոլորս զարմացանք, երբ պարտվեց. հանդիպման ավարտից հետո մեզ ասաց. <<Մրցակցիս սիրած աղջիկը դահլիճում էր, ճիշտ չէր լինի իր ներկայությամբ իր սիրելիին <<տապալել>> >>... Ընկերների պատմելով՝ իր մարդասիրությունն ու ընկերասիրությունը դրսևորվել է նաև ռազմի դաշտում. պատերազմի օրերին տանկն իրենից քիչ հեռավորության վրա պայթել է, ձեռքն ու ոտքը վիրավորվել են: 2-3 ժամ անգիտակից է եղել: Երբ շտապօգնության մեքենան մոտեցել է, ինքն էլ ուշքի եկած է եղել, չի նստել մեքենան: Ուրիշ վիրավորի է նստեցրել, իր վերքերն էլ վիրակապելուց հետո ժպիտով ասել՝ դուք գնացեք, ես արդեն լավ եմ: 5 հոգով ճանապարհն են հսկել, որ շտապօգնությունն անվտանգ անցնի>>, - վերհիշում ու ընկերների պատմածը փոխանցում է հերոսի քույրը:

Մտաբերելով անցած տարիները՝ նկատում է՝ կարծես եղբայրը գիտեր, որ իր կյանքը կարճ է, ու փորձում էր լիարժեք ապրել, ամեն վայրկյանը վայելել: Ու երևի հասցրել էր այդ կարճ ժամանակում ամեն ինչ ունենալ, բացի ընտանիքը՝ կինն ու զավակը:

Ի դեպ, համեստ ժպիտով, ծխախոտը ձեռքին այս տղան հրադադարից օրեր առաջ հայտնվել էր ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի տեսախցիկի <<թիրախում>>:

Այդ նկարն ու տեսանյութն էլ դարձան նրանից, այնտեղ գտնվող շատերից մնացած վերջին վկայությունները:

Շահնազարյանների ընտանիքը մտածում է Դավիթի հիշատակին հուշաղբյուր կառուցելու մասին: Աճարկուտցի երիտասարդներն էլ դիմել են նրանց՝ խնդրելով թույլ տալ, որ այդ միտքն իրենք իրագործեն: Ծնողները համաձայնվել են մեկ պայմանով՝ ֆինանսական մասն իրենք են հոգալու:

<<Մեր գյուղում խաղահրապարակ չկա, ուզում ենք նաև երեխաների համար խաղահրապարակ կառուցել: Մեր տղեն էրեխու ճիչ չի լսել, մտածում ենք՝ թող իր անվան հրապարակում անընդհատ էրեխու ճիչ լինի: Չգիտեմ՝ արդյունքում որ մտահղացումը կյանքի կկոչենք, բայց մի բան հաստատ կանենք: Մեզ հիմա միայն դա է մնում, ուրիշ բան մեր Դավիթից չունենք>>, - արցունքները սրբելով՝ շեշտում է Նունե Շահնազարյանը:

Դատարկությունը հատկապես շոշափելի է, երբ պատերազմը պարտությամբ է հանգուցալուծվում: Զգուշությամբ հարցնում եմ՝ իզո՞ւր էր Դավիթի նահատակվելը, թե՞ դա էլ հայրենիքի՝ թեկուզ մի կտորի փրկության գինն էր:

<<Մեր տղերքի արածը երբեք չպիտի ջուրը գցենք: Ինքը գիտակցված է անցել պատերազմը, ու այս պահին ամենամեծ երազանքս այն է, որ Հադրութն ու Շուշին հետ գան մեզ: Դավիթս այնտեղ քայլել է, ես չեմ ուզում, սիրտս կտոր-կտոր է լինում, երբ պատկերացնում եմ, որ թուրքի ոտքն է դիպչում իր ման եկած տեղերին: Ու նաև շատ եմ ուզում, որ մեր կորած, գերի ընկած բոլոր զինվորները ողջ-առողջ տուն վերադառնան: Այլևս ոչ ոք այսպիսի վիշտ թող չտեսնի, սա ահավոր բան է>>, - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է հերոսի քույրը:

Դավիթ Դարչոյի Շահնազարյանի մարմինն ամփոփված է Շահնազարյանների ընտանեկան գերեզմանատանը: Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկին հերոսի հայրը չի համաձայնվել: