Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Արցախի հերոս Դավիթ Ղազարյան

Մայիսի 21, 2022

Սերն առ հայրենիք կիսատ չի լինում. կամ սիրում են, կամ՝ ոչ։ Հայրենիքի հարատևման համար  մեր հայորդիները  մշտապես ստիպված են եղել պատերազմել թշնամու դեմ։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտի խաղաղության գինն այնքան լավ, որքան որ մենք։ Մենք գիտենք, որ պատերազմները միշտ մեզանից խլել են մեր լավագույն տղաներին։ Այդ լավագույններից Դավիթ Ղազարյանի անունն անմահացել է Արցախի նորագույն պատմության հերոսական էջերում։

Ռազմական գործիչ, փոխգնդապետ, Արցախի հերոս  Դավիթ Վանիկի Ղազարյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Հայրը՝ Վանիկ Ղազարյանը, նախկին զինվորական է /ինչն էլ հետագայում դարձել է Դավիթի մասնագիտության ընտրության հիմնաքարերից մեկը/, մայրը՝ Անիկ Ղազարյանը՝ տնային տնտեսուհի։ Դավիթը տան միջնեկ երեխան է, ունի երկու քույր՝ Գոհար և Թամար։ Դավիթը ծնվել և մեծացել է ավանդական հայկական ընտանիքում, դաստիարակվել որպես ազգի նվիրյալ զավակ, որպես հզոր հայրենասեր։

Նախնական կրթությունն ստացել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2006 թվականին դպրոցն ավարտելով գերազանց գնահատականներով՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ռազմարվեստին տիրապետել է գերազանց. դա են վկայում ուսման տարիներին Դավիթի ծնողներին ուղղված բազմաթիվ շնորհակալագրերն ու նամակները։  

2010 թվականին ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ Դավիթը լեյտենանտի զինվորական կոչումով նշանակվել է ԼՂՀ ՊԲ 38401 զորամասի 4-րդ ՀԳՄ-ի 12-րդ ՀՎ-ում դասակի հրամանատար։

2012թ. շնորհվել է հերթական զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ։

2013 թ. գերազանց ծառայության համար պաշտոնի բարձրացումով նշանակվել է 38401զ/մ-ի 4-րդ ՀԳՄ-ի 11-րդ ՀՎ հրամանատարի պաշտոնին։

Իր հրամանատարության ժամանակահատվածում 11-րդ ՀՎ-ն ճանաչվել է լավագույն վաշտ։ 2014 թ. շնորհվել է  կապիտանի զինվորական կոչում և նշանակվել 4-րդ ՀԳՄ-ի շտաբի պետ։

2016թ. դեկտեմբերին նշանակվել է 4-րդ ՀԳՄ-ի հրամանատարի պաշտոնին կապիտանի զինվորական կոչումով։

Դավիթ Ղազարյանի կինը՝ Հռիփսիմե Մայիլյանը, <<Ապառաժ>>-ի հետ զրույցում պատմեց, որ Դավիթի հետ ընտանիք են կազմել 2014 թվականին և տեղափոխվել Հադրութ։

<<2017թ. ծնվեց մեր առաջին զավակը՝ Անին, իսկ 2018թ.՝ Վանը։ Ամուսնանալուց հետո տեղափոխվել և ապրել ենք Հադրութում, որին սիրահարվել էր Դավիթը>>,-պատմում է Հռիփսիմե Մայիլյանը։

Դավիթը 2016-ին  մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ, որից անմիջապես հետո վերադաս հրամանատարության կողմից պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով։

<<Ստանալով այդ պարգևը՝ Դավիթը ոչ մի անգամ չի բարձրաձայնել այդ մասին, այլ շարունակել է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ։ Երբեք իր մասին չէր խոսում։ Իր մասին որևէ բան ընտանիքի անդամներն իմացել են ուրիշներից>>,-ասում է Հ. Մայիլյանը։

Բարի, ազնիվ, հայրենասեր. ահա այս բառերով է նկարագրում Հռիփսիմեն իր ամուսնուն։

<<Հրաշալի ամուսին ու հայր էր, ամեն ինչով՝ իդեալական, շատ լավ որդի ու թոռ էր։ Այդպիսի մարդ չկա, որ դիմեր Դավիթին, ու Դավիթը նրան մերժեր կամ չօգներ։ Շատ ընկերասեր էր, և միշտ օգնում էր իր ընկերներին>>,-նշում է Հ. Մայիլյանը։

Կնոջ խոսքով՝  թեև Դավիթը շատ խստապահանջ էր ու կարգապահ, սակայն զինվորները նրան սիրում ու հարգում էին, իսկ ինքն էլ իր զինվորներին էր սիրում։

<<Նա միշտ զինվորի կողքին էր և՛ որպես հրամանատար, և՛ որպես հայր, և՛ որպես ավագ ընկեր ու եղբայր>>,-ասում է Դավիթի կինը։

2017թ. օգոստոս ամսին ստացել է հերթական զինվորական կոչումը՝ մայոր, իսկ դեկտեմբերին ստանձնել 38401 զ/մ-ի ուսումնական 5-րդ ՀԳՄ-ի հրամանատարի պաշտոնը։

<<2020թ. ամռանը Դավիթը գնաց Հայաստան՝ ակադեմիայի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով։ Պետական բոլոր քննությունները գերազանցությամբ հանձնեց, սակայն ֆիզկուլտուրայի քննությունից հետո ինչ-որ պատճառներ նշելով՝ ստիպեցին 2-րդ անգամ ևս հանձնել այդ քննությունը, սակայն այս անգամ ևս չընդունեցին արդյունքները և ուղարկեցին Հադրութ։ Այստեղ ես հասկացա, որ պարզապես չէին ուզում, որ նա շարունակեր իր ուսումը>>,-նշում է Հռիփսիմե Մայիլյանը։

2020թ. սեպտեմբերի 14-ին շնորհվել է  փոխգնդապետի զինվորական կոչում, որից շատ չանցած՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծվել է 44-օրյա պատերազմը։

<<Մեզ համար պատերազմն սկսվեց ռումբերի պայթյունի ձայներով և ռադիոընդունիչի ազդանշանով, որ դրված էր իր անկողնու մոտ։ Դավիթն այդ օրերին ռազմական դրության մեջ էր, սակայն դա նորություն չէր. նմանատիպ դեպքեր էլի էին եղել։ Մի քանի օր տուն չէր եկել։ Շաբաթ օրը գիշերվա ժամը 2-ին եկավ ու ռադիոընդունիչը ձեռքին պառկեց քնելու, իսկ առավոտյան ժամը 7-ին արթնացանք հենց առաջին պայթյունից ու ռադիոընդունիչից լսվող տագնապալի ձայներից>>,- պատմում է Հ. Մայիլյանը։

Հռիփսիմեի խոսքով՝ Դավիթն արդեն վաղուց կանխազգում էր  մոտալուտ պատերազմի վտանգը, քանի որ օգոստոսին վերադառնալով Երևանից, անմիջապես սկսեց իր պարապմունքները նորակոչիկների հետ։

<<Ամբողջ օրը պալիգոններում էր, նույնիսկ ընդմիջման ժամերին տուն չէր գալիս։ Առավոտյան 7-ին գնում, երեկոյան 11-ին հետ էր գալիս։ Հաճախ նաև գիշերային ժամերին էր կրակել սովորեցնում։ Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է ուշ գալիս՝ պատճառաբանելով, որ երեխաներն էլ են իրեն կարոտում արդեն, նա պատասխանում  էր՝ <<երեխաներիս կրակել եմ սովորեցնում>> >>,- հիշում է Հ. Մայիլյանը։

Դավիթի քրտնաջան աշխատանքի արդյունքը երևաց պատերազմի օրերին՝ մարտի դաշտում։ Սկսված պատերազմում փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի հրամանատարությամբ ուսումնական գումարտակը մասնակցել է թեժ մարտերին Ֆիզուլի-Կարախանբեյլի շրջանում։ Չորս օր ու գիշեր փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը կատաղի մարտեր է վարել, որի ընթացքում դեռ նոր զորակոչված, երկու ամսվա ծառայող զինվորները կարողացել են Դավիթի հրահանգներով խոցել 37 միավոր զինտեխնիկա և առգրավել 3 տանկ։

Դավիթի ընտանիքը պատերազմի առաջին օրերին տեղափոխվեց Երևան, իսկ Դավիթը մնաց ու անձնվիրաբար կատարեց այն երդումը, որը տվել էր շուրջ 10 տարի առաջ։

Դավիթը տեղեկանալով, որ ընտանիքն արդեն Հայաստանում է, էլ չի զանգահարել հարազատներին։

<<Իր հեռախոսահամարը միշտ անհասանելի էր։ Մենք իր ընկերների միջոցով շատ դժվարությամբ կարողացանք ամսի 29-ին իր հետ խոսել, իսկ ամսի 30-ին հենց Դավիթն է զանգել ու հետաքրքրվել ընտանիքի որպիսությամբ։ Խոսել է նաև երեխաների հետ։ Անին հարցրել էր՝ երբ է տուն գալու, իսկ նա պատասխանել է, որ հենց գործը վերջացնի՝ տուն կգա>>,-նշում է Հ. Մայիլյանը։

 2020թ. սեպտեմբերի 30-ին, հարազատերի հետ խոսելուց մի քանի ժամ հետո փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը վիրավորվում է։

Կատաղի մարտերի ընթացքում տանկի հարվածից վիրավորված Դավիթը շարունակում է վարել մարտը ավելի քան երեք ժամ։

<<Տ-90 տանկը ֆիքսել էր այն դիտակետը, որտեղ Դավիթն էր և հարված հասցրել այդ կետին։ Վիրավորվելով՝ Դավիթը շարունակել է իր հրահանգավորումը։ Ինքն այնքան լավ է տիրապետում իր գործին, որ ոչ ոք չէր հասկացել, որ Դավիթը վիրավորում է ստացել, մինչև այն պահը, երբ նա կապի միջոցով հարցրել էր, թե արդյո՞ք չեն ուզում իրեն այդտեղից հանեն։  Այդտեղ հասկացել են, որ նա վիրավոր է, և ըստ իր ընկերների  պատմածների՝ բուժակները շտապել են օգնության, սակայն  շտապ օգնության մեքենա չեն կարողացել գտնել, որպեսզի նրան տեղափոխեն, և արնաքամ լինելով՝ զոհվել է։ Ասում են, որ այդ դեպքից հետո լսել են, թե ինչպես են ռադիոընդունիչով ասում, որ  նոր հրեշտակ ունեն, մեծ հրեշտակ>>,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ պատմում է Դավիթի կինը։

Ցավոք, հզոր հրամանատարի կյանքը չհաջողվեց փրկել և նա գնաց անմահության ճանապարհով…  2020թ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով փոխգնդապետ Դավիթ Վանիկի Ղազարյանին հետմահու շնորհվում է <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչում։  Դավիթ Վանիկի Ղազարյանը մարտը վարել է <<Ոչ մի քայլ հետ…>> սկզբունքով։

<<Վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ>>,- ասել էր  Արցախի նախագահը։

<<Ինձ պետք չէր այդ կոչումը, ինձ պետք էր, որ նա հետ գար, սակայն հպարտ եմ, հպարտ եմ, որ իր զինվորին մենակ չի թողել ու հետ չի նայել, որ ոմանց նման չի ասել, թե հոգեպես պատրաստ չէր այդ կռվին։ Նա հոգով էր զինվորական, հայրենասեր, անձնվեր, չվախեցող ու խիզախ հայի տեսակ։ Նրա կարգախոսն արդեն ամեն ինչ ասում է>>,-նշում է Դավիթի կինը։

Ըստ իր ընկերների պատմածների՝ Դավիթն ասել էր, որ եթե անգամ իր հարազատ եղբայրն իրեն մեջքով դառնար դեպի հետ, ապա մեջքից խփելու էր և կարգադրեր՝ ոչ մեկին հետ չնայել։

Դավիթի երեխաները թեկուզ փոքր են տարիքով, սակայն հոր հետ կապված ամեն ինչ հիշում են։ Հիշում են, թե ուր են գնացել իրար հետ, հիշում են Հադրութի իրենց տունը։

<<Այսօր էլ արդեն Դավիթի տղան՝ Վանն է ամբողջ օրը զինվորական շորերով, գլխարկով, զենքը ձեռքին ամբողջ օրը Արցախի մասին խոսում։ Ոչ թե մենք ենք պատմում, այլ նա է հիշում>>, — պատմում է Հռիփսիմե Մայիլյանը։

Նրա կարծիքով՝ այս պարտությունը մեր զինվորների պարտությունը չէր, բայց կարծում է, որ եթե նախապես որոշված էր, որ հողերը պետք է հանձնվեին, ապա այսքան անմեղ երեխաներ չպետք է զոհվեին, իսկ եթե կարող էին այդ չարաբաստիկ փաստաթուղթն ավելի վաղ ստորագրել, ապա այսօր շատերն իրենց ծնողների ու կանանց մոտ կլինեին։

Հռիփսիմե Մայիլյանի միակ մտավախությունն այսօր եղածը չկորցնելն է, իսկ նպատակը՝ բանակի հզորացումը։ Լինելով հերոսի կին, նա ինքն էլ պատրաստվում է շարունակել հերոս ամուսնու գործը, գուցե ոչ զենքը ձեռքին, բայց ինքն էլ իր ասպարեզում։

<<Իմ որդին հերոսի տղա է, ճիշտ է՝ փոքր է, բայց այնքան հասուն է, որ անգամ այս տարիքում ես չեմ կարող իր որոշումների վրա ազդել, և գուցե մեծանալով՝ նա ինքն էլ կորոշի հերոս հոր հետքերով քայլել, նրա գործը շարունակել։ Ինչպես որ իր հոր կողքին կանգնեցի, այս անգամ էլ նրա կողքին կկանգնեմ>>,-ասում է Հ. Մայիլյանը:

Գերազանց և բարեխիղճ ծառայության համար Դավիթ Ղազարյանը բազմիցս արժանացել է մի շարք պատվոգրերի և շքանշանների՝ <<ՀՀ ԶՈւ 20 տարի>>, <<Ծովակալ Հ.Ս. Իսակով>>, <<Անբասիր ծառայության համար>> առաջին աստիճանի, <<Վազգեն Սարգսյան>>, <<Մարտական ծառայություն>>, <<Երկրապահ կամավորական միություն>> մեդալների: