Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024

Անմահ հերոս Գոռ Երմալովյան

Հունվարի 21, 2024

Աշխատասեր, հայրենասեր և ծնողներին նվիրված Գոռ Վարդանի Երմալովյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 29-ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում։ Ընտանիքի երրորդ զավակն է։
Ավագ քույրը՝ Լիլիթը, պատմում է, որ դեռ վեց տարեկանից ինքնուրույն որոշումներ էր կայացնում, գիտեր մեքենա վարել ու մի անգամ՝ երկրորդ դասարանում, անձրևոտ եղանակին մեքենայով էր դպրոց գնացել, ասելով՝ էլ ինչպե՞ս գնայի։ Վերադառնալիս էլ դասընկերներին հետն էր բերել։
Գոռը հայրենասիրական և հայրենիքի նվիրյալների մասին ֆիլմերի սիրահար էր։ Հատկապես հաճույքով էր դիտում Մոնթեի մասին պատմող ֆիլմերը, ու եղբոր ծնվելիս պնդել է, որ եղբոր անունը հենց Մոնթե լինի, ասում էր՝ այդ անվանը արժանիքները կրելու ենք և՛ ես, և՛ եղբայրս։

Գոռն աշխույժ մանկություն է ունեցել։ Փոքր տարիքից սպորտով է զբաղվել, հաճախել է կարատեի, քիք բոքսինգի, բոքսի։ «Արեւելյան մարտարվեստների Հայաստանի բաց առաջնություն», «ֆունակոշի շոտական Կարատե Ասոցիացիա Շոտական Կարատեի 5-րդ բաց առաջնություն», Հայաստանի «Կոնտակ-Կարատեի եւ Քիք-Բոքսինգի» Ազգային Ֆեդերիացիայի առաջնություն, «Գեղարքունքի մարզի բաց առաջնություն», «Սևանի գավաթ», «Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի առաջնություն»․ Գոռի մասնակցած մրցումները շատ են, տեղը՝ առաջին, երկու անգամ էլ Քիք բոքսինգի Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել՝ «Пятые открытые Всероссийские юношеские Игры боевых искусств-2012» և «World Cup Junior Fighter 2012»։
Մինչև վեցերորդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց, տասներեք տարեկանում էլ ընդունվել է Երեւանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Մարզական Քոլեջ։ Երկու տեղում էլ առաջադիմությունը բարձր էր։ հարազատները հավաստում են, ընկերասեր էր՝ շփվում էր և՛ գյուղի, և՛ քաղաքի ընկերների հետ։ Հարգված և սիրված էր նրանց կողմից։
Ուսմանն ու պարապունքներին զուգահեռ Գոռը հասցնում էր օգնել ծնողներին, զբաղվում էր հողագործությամբ, ցանկանում էր բերքն ինքը տաներ և վաճառեր, նման փորձերի դեպքում էլ պետավտոտեսուչները չէին կանգնեցնում, գիտեին՝ Գոռն էր, փորձառու վարորդ, շուկա էր գնում։
Քաղաքում էլ մի խանութ էր ուզում բացել, որ վաճառեր մշակած ապրանքն ու մնացած մասն էլ բարեգործություն աներ։

Գոռը ֆուտբոլ էլ էր շատ սիրում և՛ նայել, և՛ խաղալ։ Սիրելի թիմը Ռեալ Մադրիդն էր, սիրելի մարզիչը՝ Զինեդին Զիդանը։
«Թշնամիներով շրջապատված ենք, հայ տղան անպայման պետք է ծառայի»,- ահա այս կարգախոսով Գոռը 2019 թվականի հուլիսին մեկնեց բանակ, հոգեկան և ֆիզիկական պատրաստականությունը բարձր էր։
Ծառայության առաջին վեց ամիսներն անցկացրել է Արմավիրում, հետո տեղափոխվել Որոտան (Կուբաթլու)։ Տեղի բնությունը Գոռի սրտով էր, գետի ափին էր, ծառայությունից էլ դժգոհություններ չուներ։
Բանակում էլ անում էր այն, ինչ իր մոտ շատ լավ էր ստացվում՝ հետևակի մարտական մեքենայի վարորդ էր։ Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով։
Օգոստոս ամսին մասնակցել է զորավարժությունների։ Դրանից հետո նորից Ջրական (Ջաբրայիլ) էին գնացել, սեպտեմբերի 26-ին հոր հետ խոսելիս ասում էր, որ ապահովության համար տեխնիկայի տեղն են փոխում։ Լուսաբացին սկսեց պատերազմը։ Արդեն երեկոյան տղան զանգեց տուն և ասեց՝ գնում եմ կռվի, մամայենց չասես։ Գոռի մասին տանեցիները իմացել են մեկ էլ հոկտեմբերի 3-ին։ Հրամանատարի հետ են զրուցել, ասել է՝ Գոռը կռվի մեջ է, ՀՄՄ-ի զենքով թշնամուն է չեզոքացնում։ Նույն օրը Գոռն ուրախ զանգել էր տուն, բարձունք էին գրավել։ Ակտիվ մարտերի մեջ եղել է մինչև հոկտեմբերի 8-ը, երբ ընկերներին պետք էր հիվանդանոց հասցնել։ Նա ընկերոջ՝ Արտյոմի հետ իր վիրավոր ընկերներին Ուրալ մակնիշի մեքենայով ձորերով և դժվարամատչելի ճանապարհներով՝ թշնամու աչքից և ԱԹՍ-ների թիրախից հեռու, հասցրել է Կապանի հիվանդանոց։
Լուրն իմանալուց հետո՝ Գոռի հայրը նույնպես հասել է Կապան։ Որդուն համոզում էր մարտի դաշտ չվերադառնալ, ասում էր՝ բավական է, պատասխան լսելով՝ բավականը այն ժամանակ կլինի, երբ պատերազմը վերջանա։ Հոկտեմբերի 14-ին էլ տուն զանգի ընթացքում հարազատներին հավատացնում էր, որ էլ չի գնա, որ էլ ՀՄՄ չկա, ասում էր, որ ընկերները զոհվել են։
Հոկտոմբերի 15-ին Գոռի էջում հրապարակում էր հայտնվել. «Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է»,- բովանդակությամբ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գոռն իր ընկերների հետ մեկնել էր շարունակելու հայրնիքի պաշտպանությունը։ Նույն օրը Հափլսու գյուղի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից անմահացան վեց հերոսներ, նրանցից մեկն էլ Գոռ Երմալովյանն էր։

banak.info