Գոռս իմ տանն է, իր շունչը զգում եմ, հիմա էլ խորհրդակցում եմ իր հետ, թե ինչ պետք է անեմ ու երբեք չեմ սխալվում
Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գոռի մայրիկը:
Նրա խոսքով, փոքր տարիքում անգամ այնքան լուրջ, մտածված ու խոհեմ էր Գոռը: «Երբ հիմա հուշերով վերադառնում եմ դեպի իր մանկություն և պատանեկություն, չեմ հիշում մի դեպք, երբ Գոռին նկատողություն արած լինեմ, ինքը դա երբեք թույլ չի տվել, եթե եղբորը նկատողություն անեի, ինքն էր շիկնում»: Դպրոցական տարիներին Գոռը սեր ուներ «Պատմություն», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների հանդեպ, բայց ներքուստ մղվում էր դեպի նկարչությունը: «Երբ փոքր էր, միշտ ասում էր՝ մեծանամ, մեր գյուղի պապական տունը վերակառուցելու եմ: Նախագիծ էր գծել՝ տուն եմ կառուցելու ու քեզ այդ տանը թագուհու նման պահեմ: Պապական տունը վերանորոգեց, բայց այդ տունը չկառուցվեց: Հիմնեց մեծ այգի, ընկույզի և հոնի մոտավոր 100 ծառ է տնկել, դեռ անցած տարվանից այդ ծառերը բերքի տակ են, բայց ինքը ոչ մի պտուղ չի պոկել դրանցից:
Գյուղում մի կիսաքանդ մատուռ ունենք, ասում էր՝ մամա՛, նշանավոր նկարիչ եմ դառնալու, իմ վաստակած գումարով մատուռը պետք է վերանորոգեմ: Իրեն անընդհատ ուղղորդում էի, որ գյուղից դուրս գա, արվեստի սիրահար էր, միշտ մտածում էի, որ մեծ քաղաքում իր մտահորիզոնը ավելի կընդլայնի և առաջընթաց կունենա»: Բայց Գոռի արմատներն ամուր կառչում են շատ փոքրիկ՝ 25-30 բնակիչ ունեցող գյուղից. «Ջիլիզայից դուրս չեմ գալու, պետք է շենացնեմ այս գյուղը, պիտի հայտնի դարձնեմ»: Հայտնի դարձրեց, բայց շենացնել չհասցրեց: Դպրոցն ավարտելուց հետո Գոռն ընդունվում է Վանաձորի մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ու գծագրության բաժինը՝ անվճար հիմունքներով և փայլուն գնահատականներով:
«Սովորեց անվճար, ավարտեց կարմիր դիպլոմով, մեկնեց ծառայության՝ իր ցանկությամբ ընտրելով Արցախը: Այդ ժամանակ իր հայրիկը մահացել էր, և, օրենքի համաձայն, պետք է իր բնակավայրին մոտ ծառայեր, բայց ինքն ընտրեց Արցախը: Սկզբում ասաց, որ օրենքն է փոխվել, բայց հետո անկեղծացավ՝ մա՛մ, երեք դիմում եմ ներկայացրել, որ ցանկանում եմ Արցախում ծառայել: 2012-14 թթ. ծառայել է Ներքին Հոռաթաղում, վերադարձել է ավագի կոչումով: Ասում են՝ այն ժամանակ այդ կոչումը հազվադեպ էին տալիս ժամկետային զինծառայողներին: Մարտակերտցի մի տղա կար, որն իր հետ ծառայել էր: Երբ Գոռի՝ Երևանում կայացած ցուցահանդեսին եկավ, ինձ հետ զրույցում ասաց՝ տիկի՛ն Ալիսա, միշտ նախանձել ենք Գոռին, ես՝ Մարտակերտում ապրող մարդ, Հոռաթաղը մեզանից մի քանի կիլոմետր հեռու էր, բայց չէի կարողանում Նոր տարուն տուն գնալ, իսկ Գոռը գալիս էր Հայաստան իր լավ ծառայության, վարքի ու կարգապահության շնորհիվ»:
Բանակից վերադառնալուց հետո Գոռը որոշում է պայմանագրային ծառայության անցնել սահմանապահ զորքերում: «Ասում էր՝ մա՛մ, երկու տարի ծառայեմ, գումարը հավաքեմ, հետո իմ արվեստով կզբաղվեմ: Միշտ նկարում էր, երբ ազատ ժամանակ էր ունենում, անգամ իր քնի ու հանգստի հաշվին էր նկարում: Կամավոր մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Հանգստի էր եկել տուն, կամավոր մեկնեց Արցախ, հետո էլ մեկ ամիս մնաց Հորադիզում: Վերադարձավ, պայմանագիրը երկարաձգեց, զուգահեռ այգի հիմնեց: Մի օր զրուցում էինք՝ տղա՛ ջան, տունը վերանորոգեցիր, այգին հիմնեցիր, աշխատում ես, մնում է, որ ամուսնանաս, որդի ունենաս: Ասաց՝ մա՛մ, որդի դեռ չունեմ, բայց որդուս անունը որոշել եմ, անունը Մովսես եմ դնելու, տե՛ս, թե ինչ փառահեղ է հնչում»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:
«Էլի կամավոր մեկնեց, մինչև հոկտեմբերի 31-ն իրեն ծանուցագիր չի եկել: Միշտ ասում էի՝ Ապրիլ յանի նման ինձանից գաղտնի չգնաս, «չէ, մամա՛, ինձ չեն տանում»: Բայց այդ օրն ինքնակամ, «զոռով» նստում է մեքենան ու մեկնում Արցախ»: Գոռը զոհվել է Կովսականում՝ նոյեմբերի 8-ին, հրադադարից ժամեր առաջ, ԱԹՍ-ի հարվածից: «Այդ օրն առավոտյան յոթն անց կես էր, երբ զանգեց, զարմացա, ուրախանալու փոխարեն սիրտս թպրտում էր: «Մա՛մ, զանգել եմ, քեզ մի բան խնդրեմ, չմերժես, պիտի գնաս Գևորգի մոտ»: Այդ ժամանակ ավագ տղաս ընտանիքի հետ Երևանում էր ապրում: Արձագանքեցի՝ Գո՛ռ ջան, քեզ քո տանն եմ սպասում: «Մա՛մ, դա իմ միակ խնդրանքն է, մենակ չմնաս, կգնաս Գևորգի մոտ»: Այն ժամանակ չհասկացա, որ ինձ հրաժեշտ է տալիս: Որոշ ժամանակ առաջ տղաներից մեկը եկավ մեր տուն. «Այդ օրն առավոտյան Գոռը ձեզ զանգե՞լ է»: Ասացի՝ հա, հարցրեց՝ հրաժեշտի խոսքե՞ր էր ասում, նորից դրական պատասխան տվեցի: Հետո պատմեց՝ պետք է սուրճ խմեինք, որ առաջ գնայինք, Գոռն ասաց՝ ամբողջ գիշեր մտածել եմ, թե մամայիս ոնց եմ հրաժեշտ տալու»: