Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Կհասնենք չէ՞ Նար, կհասնենք չէ՞ տուն, ես ուզում եմ ապրեմ, տուն եմ ուզում, Նարեկ

Մայիսի 22, 2022

Մինչ պատերազմը կսկսվեր Նարեկը զանգել էր հորն ու ասել.

-Պապ Ձեզ շատ եմ կարոտել,ուզում եմ տուն գամ,կգա՞ս ինձ տանես...

Հայրը ի՞նչ իմանար,որ որդին ինչ-որ բան էր կանխազգում...

Նարեկ Սուրենի Ավետիսյան ծնվել է 2002 թվականի մայիսի 20-ին Երևանում։Սովորել է 194 հիմնական դպրոցում 2008-2017թթ-ին,այնուհետև ուսումը շարունակել է Էրեբունու ուսումնարանում։ 2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ,ծառայել է Ջրականում,եղել կապավոր։ Պատերազմի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում,վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի 7-ին,անմահացել է հոկտեմբերի 10-ին,Հադրութում...

______________________

Նարեկը ընդամենը երեք ամսվա զինծառայող էր, շատ կենսուրախ էր, վարակիչ ժպիտով,սիրում էր երգել,երազում էր իր սեփական երգը ձայնագրել...

Նարեկն անմահացել է հոկտեմբերի 10-ին, բայց հուղարկավորվել ապրիլի 19-ին Եռաբլուրում, ամեն օր ծնողների հետ իրեն այցելում են Նարեկի երեք եղբայրները` Հայկը, Տիգրանն ու մեկուկես տարեկան Ավետը...

Վերջերս գերությունից ազատված Նարեկ Սիրունյանը Նարեկի հայրիկին պատմել է,որ ինքն ու Նարեկը միասին են եղել, փախել են սարերով, մի սարն անցնելիս ամբողջ ճանապարհին Նարեկը Նարեկին ասել է.

-Կհասնենք չէ՞ Նար, կհասնենք չէ՞ տուն, ես ուզում եմ ապրեմ, տուն եմ ուզում, Նարեկ

Ավաղ Սիրունյան Նարեկը վիրավորվել ու գերեվարվել է, իսկ Ավետիսյան Նարեկը անմահացել...

Նարեկը հավերժ սահմանին մնաց,որ պահի ու պաշտպանի բոլորիս...

Անժելա Սեդրակյան