«Ամբողջ կյանքում գլուխս բարձր եմ քայլել․ որ չգնամ, գլուխս կախ եմ քայլելու»
Ռազմաճակատ մեկնելուց առաջ Սամվել Պոչիկյանն իր երկու մանկահասակ որդիներին ասել է, որ մինչև իր վերադառնալը նրանք են տան տղամարդիկ և պետք է լսեն մայրիկին ու տատիկին, հոգ տանեն նրանց մասին։ «Ամեն ինչ լավ ա լինելու, մենակ թե ես ողջ վերադառնամ»,- կնոջ հետ զրույցում ասում էր Սամվելը։ 2020թ․ նոյեմբերի 6-ին Շուշիի պաշտպանության մարտերում Սամվել Պոչիկյանը զոհվեց։
Սամվել Պոչիկյանը ծնվել է 1986 թվականին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում։ Ապրում էր կնոջ, երկու որդիների և մոր հետ։ Զբաղվում էր տների և բնակարանների վերանորոգմամբ: 2020թ․ սեպտեմբերի 29-ին, երբ Սամվելն աշխատանքի է եղել, զինկոմիսարիատից զանգահարել են և ասել, որ ներկայանա՝ ռազմաճակատ մեկնելու համար։
«Առաջին ծանուցումից հետո Սամվելը չգնաց, քանի որ ընտանիքի միակ տղամարդն էր, աշխատողն ու կերակրողը։ Որ չէր գնացել, անկախ իրանից նյարդայնանում էր, լարված էր։ Գործից գալիս էր տուն, աչքին ոչ մի բան չէր գալիս, հեռուստացույցը միացնում էր, լսում լուրերը ու ասում՝ ես ստեղ նստած, ընդեղ 19-20 տարեկան տղաներին կոտորում են։ Ես էլ ասում էի, որ դու էլ գնաս, ոչ մի բան չես կարա փոխես։ Միշտ ասում էի՝ հիշի՛, որ դու գնում ես գերեզման, ասում՝ պա՛պ ջան, որ դու իմ կողքին լինեիր, ես ամեն ինչի հասած կլինեի, դու իմ մեջքից գնացիր (Սամվելի հայրը տարիներ առաջ է մահացել, խմբ․)։ Ես էլ ասում էի՝ թույլ մի տուր, որ քո էրեխեքն էլ զգան էդ ամեն ինչը»,- պատմում է Սամվելի կինը՝ Հեղինեն։
Զինկոմիսարիատից երկրորդ ծանուցումը Սամվելը ստացել է հոկտեմբերի 20-ին և տասնյակ այլ պահեստազորայինների հետ նույն օրը գնացել է Արմավիր՝ վարժական հավաքների մասնակցելու։ Զորավարժությունների ավարտից հետո վերադարձել է տուն և Հեղինեին հայտնել, որ մեկնում է առաջնագիծ։
«Ցանկացած իրավիճակում միշտ իմ կարծիքը հարցնում էր, ասում էր՝ Հեղինե՛, ո՞նց անենք, որ լավ լինի։ Բայց էս անգամ ո՛չ հարցրեց, ո՛չ էլ խոսաց։ Ասեցի՝ Սա՛մ, հե՛տ կանգնի, ասեց՝ արդեն ուշ ա, գրանցվել եմ։ Չլսեց ու գնաց, որովհետև խիղճը տանջում էր, որ առաջին ծանուցումից հետո չէր գնացել»,- հիշում է Հեղինեն։
Հոկտեմբերի 26-ին Սամվելին և տասնյակ այլ պահեստազորայինների տեղափոխել են Արցախի հյուսիսային սահման։ Եղել են Մատաղիսի թիկունքում գտնվող ձորակներից մեկում։ Արցախում գտնվելու ընթացքում Սամվելն ամեն օր խոսել է իր ընտանիքի հետ։
«Նոյեմբերի 4-ին տղայիս ծնունդն էր։ Զանգեց, շնորհավորեց։ Ու երբ զանգում էր, առաջին բանը, որ ասում էր տղաներին, էն էր որ՝ քանի ես ստեղ եմ, դուք եք տան տղամարդը, մամային կլսեք, լավ կնայեք մամային ու տատիին»։
Նոյեմբերի 5-ին Սամվելենց վաշտը տեղափոխել են Շուշի, և հենց այդ օրն էլ եղել է նրա վերջին զանգը։ Կնոջն ասել է, որ յոթ օր չի կարողանալու զանգել, թող չանհանգստանան։ Նոյեմբերի 6-ին Շուշիի մատույցներում Սամվել Պոչիկյանը զոհվել է։
«Սամվելին պետք ա ծանուցում չգար, որովհետև ինքը տան միակ տղամարդն էր, փոքր էրեխեք ուներ, ո՛չ հայր ուներ, ո՛չ ախպեր ուներ։ Ես ասեցի՝ Սա՛մ, մի՛ գնա, ասեց՝ ես ամբողջ կյանքում գլուխս բարձր եմ քայլել․ որ չգնամ, գլուխս կախ եմ քայլելու։ Վիզը ծուռ գնաց, որովհետև ցանկացած տղամարդ գիտի, որ պատերազմից կարա չվերադառնա»,- ասում է Հեղինեն։
Նոյեմբերի 7-ին Հեղինեն եղել է իր հոր հուղարկավորությանը։ Հենց այդ օրը իրենց համագյուղացիներից մեկը զանգահարել է և տեղեկացրել, որ Սամվելը վիրավոր է, սակայն մոտ մեկ ամիս շարունակ բոլոր հիվանդանոցներով և հնարավոր այլ տեղերում փնտրելուց հետո Սամվելին չեն կարողացել գտնել։ Սամվելի պարանոցին շղթա է եղել, Հեղինեն հույս է ունեցել, որ դրանով կկարողանան ճանաչել Սամվելին, և ի վերջո այդպես էլ եղել է։
Դեկտեմբերի 13-ին պաշտպանության նախարարության՝ անհայտ կորածների հարցերով հատուկ հանձնաժողովից Հեղինեին ուղարկել են շղթայի լուսանկարը, նա հաստատել է, որ դա Սամվելինն է։ Պարզվել է, որ Սամվելը զոհվել է, և նրա աճյունը գտնվում է Արմավիրի դատաբժշկական կենտրոնում։ Դեմքն անճանաչելի է եղել, սակայն ոտքի վրայի սպիով Սամվելի հորեղբայրը ճանաչել է նրան։ Դեկտեմբերի 14-ին 34-ամյա Սամվել Պոչիկյանին հուղարկավորել են Ծաղկալանջի գերեզմանատանը։
«Դեկտեմբերի 15-ին ինքնահողի արարողությունն էր՝ մեր նշանադրության օրը։ Աստված որ օրը տվեց, էդ օրն էլ վերցրեց»,- ասում է Հեղինեն։
Սամվելն ու Հեղինեն ամուսնացել են 2013թ․ փետրվարի 16-ին։ Ունեն երկու որդի՝ 7-ամյա Մարտինն ու 6-ամյա Նարեկը։ Լուսանկարվելու համար Հեղինեն տան մյուս սենյակից կանչեց որդիներին, Մարտինը եկավ, կանգնեց հոր լուսանկարների առաջ, սակայն Նարեկն այդպես էլ սենյակից դուրս չեկավ և չցանկացավ լուսանկարվել։
Մեր զրույցի ընթացքում Հեղինեն հեռախոսով տեսանյութեր է ցուցադրում։ Դրանցից մեկը նկարահանվել է 2020թ․ օգոտոսի 2-ին՝ Սամվելի 34-րդ տարեդարձի օրը։ Հեղինեն ոսկե շղթա է նվիրում ամուսնուն, որը աշխատանքի բերումով Սամվելը չի հասցրել կրել։ Հեղինեն ասում է՝ այժմ որդիները վիճում են միմյանց հետ, թե ով է կրելու հոր շղթան։ Իսկ Հեղինեն իր պարանոցին կրում է Մեդալիոն՝ Սամվելի նկարով։
«Սամվելը բնավորությամբ ինչքան խիստ, այդքան էլ բարի էր։ Ինքը մինչև պատերազմն էլ ինձ համար հերոս էր, հերոս հայր, հերոս ամուսին։ Ինքն ամեն վայրկյանը անիմաստ չի վատնել, գիշեր-ցերեկ աշխատել ա, որ իրա էրեխեքը ոչ մի բանի կարիք չունենան։ Իրա ծիծաղից ամբողջ տունը դղրդում էր, էնքան բարի էր, որ հագի շորն էլ ընկերոջ համար կտար։ Ասում էի՝ Սա՛մ, դու նվիրվում ես, բայց ուրիշները էդպես չեն քո հանդեպ։ Էս վերջերս հասկացել էր, ասում էր՝ ոնց ես եմ մարդկանց հետ, իրանք իմ հետ էդպես չեն։ Դրա համար էլ չէի ուզում պատերազմ գնար, որովհետև գիտեի, որ էն ընկերոջ համար, որի հետ մի րոպե առաջ են ծանոթացել, իրա կյանքը կտար»։
2021թ․ մարտի 19-ին Սամվել Պոչիկյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։ Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է Սամվելի անունով։
Արցախյան 44-օրյա պատերազմում Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղից երկու զոհ է եղել։ Բացի Սամվել Պոչիկյանից, կրկին Շուշիի պաշտպանության մարտերում զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Բադալյանը։