Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Նահանջ հրամանին չենթարկվեց, ասել է՝ եթե պետք է հասնեն երեխաներին, թող իմ վրայով մտնեն

Հունվարի 20, 2024

«Պուճուրս հարցնում է՝ պապան ո՞ւր է, կարող է հեռախոսները չի տարել, զանգում եմ, չի պատասխանում, կարողա լիցքավորված չէ, լիցքավորենք, հետը խոսեմ»,- վեց ամյա տղան դռան արանքում կանգնած լսում է արտասվող մոր խոսքերը։ Ծանոթ հարցեր են, սեպտեմբերի 19-ից հետո ինքն է ամեն օր այս հարցերն ուղղում մորը, գրում է forrights.am-ը։

Հյուրասենյակի սառը օդում Նուբար Ավետիսյանի ծանր պատմությունները հաջորդում են մեկը մյուսին։ Վեց տարեկան տղան, որ մի քանի օրից 7 ամյակն է նշելու՝ սպասում է հորը։ «Ասում է․ «մամա, վերտայլոտները ո՞ւմ են բերում ոտքը ջարդած, ձեռքը ջարդած, կարող է ես էլ իմ ձեռքը ջարդեմ, ինձ էլ վերտայլոտով տանեն, պապային, քեռիներին ու տատիին բերեմ»,-որդու խոսքերը դադարում է փոխանցել մայրը, արցունքերը խեղդում են։

Նուբար Ավետիսյանի ամուսինը՝ Զորի Դանիելյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Մարտունու դիրքերում, եղբայրը, հորեղբոր տղան, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Նուբարի մայրը մահացել է գերեզմանոցում՝ տղաների շիրիմների մոտ։

Նուբարն ամուսնու հուղարկավորությանը չի մասնակցել։ Նա երեխաների հետ Ստեփանակերտում է եղել, իրենց գյուղ՝ Մաճկալաշեն գնալու հնարավորություն չի եղել, այդ շրջանի գյուղերը եղել են թշնամու կողմից շրջափակման մեջ։ Հնարավոր չի եղել նաև Զորիի դին տեղափոխել ոչ Ստեփանակերտ, ոչ Մաճկալաշեն։ Նրան հուղարկավորել են Ճարտարում։

«Դիակները մի կերպ հանել էին, բերել Մարտունի, բայց քանի որ պահելու հնարավորություն չկար, ախպորս ասել էին արի, վերցրու։ Ախպերս ասաց հնարավոր ձևով կհուղարկավորեմ։ Հնարավորություն չկար Ստեփանակերտից Մաճկալաշեն գնալու, ոչ էլ Ճարտարից Մաճկալաշեն։ Ճարտարը ընկերոջ գյուղն էր, գիշերը հուղարկավորել են ընկերոջ ընտանեկան գերեզմանոցում։ Երեք հոգով են եղել ախպերս, ընկերը և հարսս։ Ես ներկա չեմ եղել, ճանապարհը փակ էր»,-դաժան օրերը հիշում է Նուբարը, որոնք չի էլ մոռացել։

Կինն ամուսնուց մի բուռ հող ունի միայն։ Եղբորն է խնդրել բերել նրա գերեզմանից։

«Մի բուռ հող ունեմ, բայց չգիտեմ՝ ո՞ւր դնեմ․․․Եղբորս խնդրել էի, որ հետը մի բուռ հող բերի։ Յոթը լրացել է, քառասունքը լրացել է՝ ո՞ւր գնաս․․․Գնում եմ Եռաբլուր, քայլում եմ, ուրիշի շիրիմներին ծաղիկներ եմ դնում, լացում եմ, գալիս եմ»,-ասում է Նուբարը։

Վերջին երեք տարում վիշտն ու սուգը Նուբարից անբաժանելի է եղել։ Երեք տարի առաջ էլ եղբայրներին են գիշերով հողին հանձնել։ «44-օրյա պատերազմին եղբորս էլ էլի գիշերով հուղարկավորեցինք, չորս հոգով էինք։ Երկու տարին չլրացած մայրս մահացավ։ Գնաց գերեզմաններ ու չեկավ, ինֆակտը խփեց։ Երկու տարի՝ ամեն օր, օրը երեք անգամ գնում էր երեխաներին տեսնելու»։

Նուբարը հիշում է ամուսնու հետ անցկացրած վերջին օրերը, լացվում, վիճում նրա հետ, թե ինչու ինքն էլ չի նահանջել։ Հրամանատարն է այցելել Զորիի ընտանիքին, պատմել, թե ինչ սխրանքեր է գործել ու ասել՝ հանուն երեխաների համար, բոլորի երեխաների։

Զորին դիրքապահ է եղել, կինն ասում է՝ համար մեկ տվեցին, կանչեցին, գնաց։ «Ավտոմեքենա չկար գնալու, գիշերը ոտքով գնաց։ Գիշերը երկուսին ճանապարհել եմ, առավոտ տասին զանգեցի, ասաց մի կերպ հասել եմ տեղ։ Ոտքով գնաց ու չեկավ։ Նահանջ հրամանաին չենթարկվեց, ասել է՝ եթե պետք է հասնեն երեխաներին, թող իմ վրայով մտնեն։ Իր կամանդիրը եկավ այստեղ, ասաց՝ ինքը հերոս է, մեկ ժամ կռվել է, չի նահանջել»,- ընկերն ասաց, որ երեք հոգով դիրքերում մեկ ժամից ավել կռվել են, Զորին անմահացել է։

Կինն ամուսնու մասին երեք օր տեղեկություն չի ունեցել։ Վերջին անգամ սեպտեմբերի 18-ին են խոսել, կապը կեսից ընդհատվել է ու չի վերականգնվել։ «Հարազատներիս հետ խոսում էի, բայց ամուսնուս հետ չէի կարողանում խոսել, եղբայրս գնաց Ճարտար։ Այդ օրը մի կերպ լուսացրեցի, եղբորս հետ խոսեցի, ասաց չեմ կարողացել խոսել, կապ չկա։ Երրորդ օրն ախպերս ասաց՝ քուրս, էլի կորուստ ունենք, էլի պետք է ուժեղ լինենք ․․․․․ Ինքն անհայր ու անմայր էր մեծացել, շուտ էին մահացել, ասում էր՝ ես ամեն ինչ տալու եմ երեխաներիս, բլոկադան ավարտվի ամեն ինչ առնելու եմ։ Առա՜վ, բա չէ․․․»։

Նուբարը երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Ջրվեժում՝ հարազատներից մեկի տանը, մշտական բնակության վայր չունի։ Երեխաները բռնի տեղահանումից հետո զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, մայրը չգիտի որտե՞ղ են ապրելու, որ երեխաներին դպրոց տանի։ Մեկ դուստրն ու երկու որդիները դադարեցրել են պարի, կարի, սպորտի և մյուս խմբակներին հաճախելը։ Երևան հասնելու համար գումար է անհրաժեշտ, չկա։

«16 տարեկան տղաս ասում է՝ աշխատեմ, քեզ օգնեմ։ 16 տարեկանն իրավունք ունի՞ այդ մասին մտածի, չէ, 21-րդ դարում չունի, պետք է ընկերների հետ ապրի, բայց․․․»։

Հարցազրույցի ավարտին դռների արանքում կրկին հայտնվում է վեց ամյա տղան, լուռ հետևում է արտասվող մորը։ Մի քանի օրից նա յոթ տարեկան է դառնալու, հետաքրքրվում է ծնունդն անելու են։ Երկու օր առաջ Ջրվեժում ձյուն է եկել, փոքրիկը հարցնում է՝ ձյունը գալուց քանի օր հետո պետք է տոնածառը դնեն։

«Վերջին երեք տարում մեր կյանքում միայն գերեզմաններ գնալ-գալն է։ Երեք տարի է՝ երեխաները միայն սուգ ու դժվարություն են տեսնում։ Ոչ ծնունդ ես կարում նշես, ոչ տոնածառ ենք դնում․․․ սեղան քցես պակաս են, չքցես երեխան հարցնում է․․․»։

forrights.am