Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Արտակ Խաչատրյան

Արտակ Խաչատրյան

1993-04-23 - 2020-10-27

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ 2000 թվականից հաճախել է Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցը։

2013-ին Արտակն անցավ ժամկետային ծառայության` Հադրութի զորամասում՝ որպես վաշտի ռազմաբուժակ։ Ծառայության ընթացքում դրսևորել է բարձր ակտիվություն և պատրաստակամություն, ինչի շնորհիվ արժանացել է ավագ սերժանտի կոչմանը։ 2015-ից ծառայությունը շարունակել է Մարտակերտի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող` նշանակվելով զորամասի դեղատան պետի պաշտոնում։

Մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին։ 4 օր տևած պատերազմի ընթացքում Արտակին հաջողվեց փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր։ Արտակը ծառայել է նաև Իվանյանի զորամասում։ Սակայն 2020-ի փետրվարին նորից վերադարձել է արդեն հարազատ դարձած Մարտակերտի զորամաս և ստանձնել գումարտակի ռազմաբուժակի պաշտոնը։

Ծառայակից ընկերների խոսքով՝ զորամասում նրան շատ էին սիրում, բոլորը ճանաչում և հարգում էին` թե' որպես մարդ, թե' որպես լավ ընկեր ու աշխատակից և թե' որպես գործի հմուտ գիտակ։

2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Արտակը Երևանում էր, զորամասից ուղարկել էին վերապատրաստման դասընթացների։ Պատերազմի մասին բոթն առնելուն պես` Արտակն առանց մի վայրկյան երկմտելու եկավ Արցախ և անմիջապես մեկնեց առաջնագիծ։

Մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին, այնուհետև տեղափոխվել Մարտունի։ Եղել է Մարտունու ամենաթեժ կետերում՝ Կարմի շուկա, Ճարտար և Ճարտարից ոչ հեռու գտնվող՝ «Ուլյան» կոչվող բարձունքում։ Ստանալով ձախ ձեռքի վիրավորում՝ վիրակապել է ինքն իրեն և շարունակել կատարել իր սուրբ գործը։

Ուլյան լեռում հոկտեմբերի 27-ի գիշերը վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Արտակը ծանր վիրավորում ստացավ` արդեն ոտքից, և նրան ստիպված եղան այլ շտապ օգնության մեքենայով տեղափոխել մոտակա հոսպիտալ։ Սակայն դեռ հոսպիտալ չհասած, մեքենան, որտեղ գտնվում էր վիրավոր Արտակը, թիրախավորվեց։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց...

Արտակի մարտական ընկերները նրա զոհվելուց ամիսներ անց պատմեցին, որ Արտակը առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերում հենց ռազմի դաշտում, փամփուշտների և ռմբակոծության տակ, մեջքին առած` հանում հարյուրավոր վիրավորների, նաեւ զոհերին։ Լինելով ռազմաբուժակ կատարել է ոչ միայն իր, այլ նաև շտապ օգնության մեքենայի վարորդի պարտականությունները, ինքն էր վարում մեքենան։

Արտակը հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր՝ Հերոս Արմեն Խաչատրյանի կողքին, ով նույնպես անմահացել է 2020թ. պատերազմում:

Արտակը մեծ պլաններ ուներ` ապագայի հետ կապված. մեծագույն երազանքն էր ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: 

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ցուցաբերած արիության և սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։

Ձեզ բացակա չենք դնի․ Արտակ Ավետիսի Խաչատրյան

Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտակ Խաչատրյան

Արտակ Խաչատրյան

1993-04-23 - 2020-10-27
Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ 2000 թվականից հաճախել է Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցը։