Արտակ Ջիվանի Միքաելյանը ծնվել է 2001թ. մարտի 7-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում: Դեռ մանկուց շատ աշխույժ էր, չարաճճի: 2007-2019թթ․սովորել է Կամարիսի Ա․Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոցում: Ընդունակ ու խելացի աշակերտ էր ու չնայած իր չարաճճիություններին՝ սիրված էր թե՛ ուսուցիչների և թե՛ դասընկերների կողմից։ Դպրոցում ամենասիրելի առարկաներն էին պատմությունն ու աշխարհագրությունը։ Հետաքրքրվում էր գրեթե ամեն բնագավառով։ Մեծ սեր ուներ հատկապես սպորտի ու պարի նկատմամբ։ Սիրում էր վրացական պարերն ու հրաշալի կատարում դրանք։
Արտակը կյանքով լի էր, շփվող, ընկերասեր, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, հումորով էր, սիրում էր կատակել բոլորի հետ, մտերիմների հոգու հետ խաղալ։
2019-ին ավարտել է դպրոցը և նույն տարվա ամռանը համալրել հայոց բանակի շարքերը։ Սկզբում ծառայել է ՀՀ Լուսակերտի ուսումնական զորամասում։ Այնուհետև տեղափոխվել է Ցորի ՊԲ 46492 զորամաս՝ կրտսեր սերժանտի կոչումով։
Ծառայել է պատվով՝ ձեռք բերելով մեծ սեր ու հարգանք։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զինվորական երդմանը հավատարիմ մնալով տասնհինգօրյա ծանր մարտերից հետո՝ հոկտեմբերի 12-ին, հավերժ զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի շարքերում, որպես 1-ին հրետանային մարտկոցի 1 հրետանային դասակի 2-րդ հրանոթի հրամանատար, մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել՝ Վազգենաշենում տեղակայված կրակային դիրքերից: Այնուհետև 2020 թվականի հոկտեմբերի 5-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատված և մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ:
Արտակ Ջիվանի Միքայելյանը 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում նույնպես իրեն դրսևորել է լավ կողմերով հմտորեն ղեկավարելով՝ հաշվարկի գործողությունները: Նա լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին և պատրաստված կրտսեր հրամանատար էր: Որպես հաշվարկի հրամանատար տեսական և գործնական գիտելիքների մակարդակը բարձր էր, օրինակելի վարքով։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին տեղափոխվում է Ջուվառլու բնակավայր և զբաղեցնելով կրակային դիրքեր՝ մարտկոցի կազմում շարունակում է մարտ վարել հակառակորդի դեմ։ Իր հաշվարկի ընդհանուր ուժերով ժամանակին պատրաստություն էր զեկուցում նշանակետերի խոցման համար պատրաստականության ժամանակի մասին:
Հաշվարկի ուժերով խոցել է հակառակորդի 2 (երկու) զրահատեխնիկա, անվավոր (մեկ) տեխնիկա և տասնյակից ավել հետևակի կորուստներ:
2020 թվականի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ Արտակ Ջիվանի Միքայելյանը մարտկոցի կազմում խիզախորեն ու արիաբար մարտնչել է նրանց դեմ և զոհվել:
ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով: