Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Դավիթ Ղազարյան

Դավիթ Ղազարյան

1989-05-05 - 2020-09-30

Ռազմական գործիչ, փոխգնդապետ, Արցախի հերոս  Դավիթ Վանիկի Ղազարյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Հայրը՝ Վանիկ Ղազարյանը, նախկին զինվորական է /ինչն էլ հետագայում դարձել է Դավիթի մասնագիտության ընտրության հիմնաքարերից մեկը/, մայրը՝ Անիկ Ղազարյանը՝ տնային տնտեսուհի։ Դավիթը տան միջնեկ երեխան է, ունի երկու քույր՝ Գոհար և Թամար։ Դավիթը ծնվել և մեծացել է ավանդական հայկական ընտանիքում, դաստիարակվել որպես ազգի նվիրյալ զավակ, որպես հզոր հայրենասեր։

Նախնական կրթությունն ստացել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2006 թվականին դպրոցն ավարտելով գերազանց գնահատականներով՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ռազմարվեստին տիրապետել է գերազանց. դա են վկայում ուսման տարիներին Դավիթի ծնողներին ուղղված բազմաթիվ շնորհակալագրերն ու նամակները։  

2010 թվականին ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ Դավիթը լեյտենանտի զինվորական կոչումով նշանակվել է ԼՂՀ ՊԲ 38401 զորամասի 4-րդ ՀԳՄ-ի 12-րդ ՀՎ-ում դասակի հրամանատար։

2012թ. շնորհվել է հերթական զինվորական կոչումը՝ ավագ լեյտենանտ։

2013 թ. գերազանց ծառայության համար պաշտոնի բարձրացումով նշանակվել է 38401զ/մ-ի 4-րդ ՀԳՄ-ի 11-րդ ՀՎ հրամանատարի պաշտոնին։

Իր հրամանատարության ժամանակահատվածում 11-րդ ՀՎ-ն ճանաչվել է լավագույն վաշտ։ 2014 թ. շնորհվել է  կապիտանի զինվորական կոչում և նշանակվել 4-րդ ՀԳՄ-ի շտաբի պետ։

2016թ. դեկտեմբերին նշանակվել է 4-րդ ՀԳՄ-ի հրամանատարի պաշտոնին կապիտանի զինվորական կոչումով։

Դավիթը 2016-ին  մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ, որից անմիջապես հետո վերադաս հրամանատարության կողմից պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով։

2017թ. օգոստոս ամսին ստացել է հերթական զինվորական կոչումը՝ մայոր, իսկ դեկտեմբերին ստանձնել 38401 զ/մ-ի ուսումնական 5-րդ ՀԳՄ-ի հրամանատարի պաշտոնը։

2020թ. սեպտեմբերի 14-ին շնորհվել է  փոխգնդապետի զինվորական կոչում, որից շատ չանցած՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծվել է 44-օրյա պատերազմը։

2020թ. սեպտեմբերի 30-ին, հարազատերի հետ խոսելուց մի քանի ժամ հետո փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը վիրավորվում է։

Կատաղի մարտերի ընթացքում տանկի հարվածից վիրավորված Դավիթը շարունակում է վարել մարտը ավելի քան երեք ժամ։

Բուժակները շտապել են օգնության, սակայն  շտապ օգնության մեքենա չեն կարողացել գտնել, որպեսզի նրան տեղափոխեն, և արնաքամ լինելով՝ զոհվել է։

2020թ. հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով փոխգնդապետ Դավիթ Վանիկի Ղազարյանին հետմահու շնորհվում է <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչում։  Դավիթ Վանիկի Ղազարյանը մարտը վարել է <<Ոչ մի քայլ հետ…>> սկզբունքով։

Գերազանց և բարեխիղճ ծառայության համար Դավիթ Ղազարյանը բազմիցս արժանացել է մի շարք պատվոգրերի և շքանշանների՝ <<ՀՀ ԶՈւ 20 տարի>>, <<Ծովակալ Հ.Ս. Իսակով>>, <<Անբասիր ծառայության համար>> առաջին աստիճանի, <<Վազգեն Սարգսյան>>, <<Մարտական ծառայություն>>, <<Երկրապահ կամավորական միություն>> մեդալների:

Դավիթ Ղազարյան

Դավիթ Ղազարյան

1989-05-05 - 2020-09-30
Ռազմական գործիչ, փոխգնդապետ, Արցախի հերոս  Դավիթ Վանիկի Ղազարյանը ծնվել է 1989 թվականի մայիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։