Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Եղիշ Հովհաննիսյան

Եղիշ Հովհաննիսյան

1989-06-05 - 2020-10-30

 Եղիշ Մաքսիմի Հովհաննիսյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 5-ին Գերմանիայում։ Մանկությունն անցել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Երազանքն էր գոնե մեկ անգամ այցելել ծննդավայր, տեսնել և անպայման Հայաստան վերադառնալ։ Մանկապարտեզ շատ չի գնացել. փախչում ու տուն էր գալիս։
Դպրոցում լավ էր սովորում, ավելի շատ ուշադրություն էր դարձնում այն առարկաներին, որոնք սիրում էր։ Ռազմագիտություն առարկայի գիտելիքների և կարգապահության համար պարգևատրվել է։

Սպորտով էր զբաղվում, գնում էր կարատեի, մարզվում էր բակում։ Մրցումներին բարձր տեղեր էր գրավում։ Իր ուժը մշտապես օգտագործում էր ընկերներին օգնելու համար։ Բարի էր ու մշտապես ընկերներին հասնող։
2006 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2010-ին՝ ավարտելով այն, լեյտենանտի զինվորական կոչմամբ մեկնել է Արցախ։ Ծառայության ընթացքում հասել է մայորի զինվորական կոչման, իսկ երազանքն էր գեներալ դառնալ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա, դուստրը 6 տարեկան է, որդին՝ 2։
Զինվորների հետ ընկերություն էր անում։ Չկար մի զինվոր, որ հրամանատարի հետ խնդիրներ ունեցած լիներ կամ դժգոհ լիներ։ 
Չորս տարի Ստեփանակերտում ծառայությունից հետո սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Մարտունի։ Հրամանատարը այն կարծիքին էր, որ վատ զինվոր գոյություն չունի, միշտ սպան է վատը լինում։ Եթե ինքը վատ զինվոր ունենար, ապա ինքն էր վատ սպա։ Բայց մայոր Հովհաննիսյանը վատ զինվորներ չուներ, ոչ մի զինվորի հետ խնդիր չի ունեցել, բոլորի հետ ընկեր էր։ Զինվորներն իրեն դիմում էին ընդհուպ անձնական հարցերով։ Նախանձելի հրամանատար էր։ Իդեալ էր ոչ միայն զինվորների այլև մյուս հրամանատարների շրջանում։
Ապրիլյան պատերազմից հետո հնարավորություն է ունեցել տեղափոխվել ու ծառայությունը շարունակել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն չի ցանկացել, ասում էր՝ հիմա ժամանակը չի, ես գիտեմ երբ կգնամ։
Պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։
2020 թվականի սեպտեմբերին սկիզբ առած պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի շտաբի պետ և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին։ Խիզախ էր ու անվախ, չի նահանջել, պայքարել է մինչև վերջ։
Հոկտեմբերի 29-ին սեփական մեքենայով տեղափոխվելիս հայտնվել է ԱԹՍ-ի նշանառության տակ, կարողացել է փրկվել մեքենայից դուրս ցատկելով: Հաջորդ օրը խրամատում պիտի զենք տեղափոխեին, որ թշնամու նշանառության տակ չընկներ, բայց իրենք են ընկել հակառակորդի նշանառության տակ: Մայորի հետ զենք տեղափոխող զինվորը գլխի բեկորային վնասվածք է ստացել,  սակայն հրամանատարի համար հրետանու հարվածը ճակատագրական էր, բոլորի սիրելի մայորը անմահացավ հոկտեմբերի 30-ին։

Եղիշ Հովհաննիսյան

Եղիշ Հովհաննիսյան

1989-06-05 - 2020-10-30
 Եղիշ Մաքսիմի Հովհաննիսյանը ծնվել է 1989 թվականի հունիսի 5-ին Գերմանիայում։ Մանկությունն անցել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։