Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Սերյոժա Մխոյան

Սերյոժա Մխոյան

2002-02-22 - 2020-11-08

Սերյոժա Մխոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 22-ին Վարդենիկ գյուղում։ 2008 թվականին հաճախել է Վարդենիկի Արտակ Օհանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց։ Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի, բռնցքամարտի և պարի։ Իննամյա դպրոցում ուսումն ավարտելուց հետո, 2017 սեպտեմբերին ընդունվել է Վարդենիկի ավագ դպրոց. մոտ մեկ տարի ավագ դպրոց հաճախելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում։ Քոլեջին կից հաճախել է ծրագրավորման դասընթացի, որը պետք է շարունակեր ծառայությունից հետո։ Այդ ընթացքում նաև հաճախել է կիթառի դասերի։

Սերյոժան զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսի 1-ին։ Ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութի զորամասերից մեկում, եղել է դիպուկահար։ Պատերազմի առաջին օրերին եղել է Հադրութի դիրքերում, որտեղ 3 օր զինակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ։ Շրջափակումից դուրս են եկել և մարտը շարունակել Մարտունու դիրքերում, այնուհետև տեղափոխվել է Ասկերան, հետո Շուշի։ Սերյոժայի զինակից ընկերներից մեկը՝ Արմենը, պատմում է, որ բոլորը նրան ճանաչում էին որպես ընկերասեր, հոգատար, բարի, եռանդով լեցուն մարտիկի, ով իր հումորներով ու դրական էներգիայով փորձում էր ցրել պատերազմի մռայլ ստվերները, կատակում էր անգամ մահվան մասին. «Կռվի հանգիստ պահերից էր, խոսում էինք պատերազմից, հետո մեր կյանքի մասին, կատակում էինք, պատմում գյուղում անցկացրած օրերի մասին ու կարոտում։ Սերյոժան բնավորության համաձայն կատակեց. «Ջոն, (ընկերոջը նաև այդպես էին անվանում) երբ պտի մեռիս, ես գամ տաք խաշլամա ուտեմ»։ Ծիծաղում էինք ու շարունակում զրուցել», – հիշում է Արմենը ու նաև պատմում, որ Սերյոժան կատակներ էր անում անգամ, երբ ընկերները վիրավորվում էին, փորձում էր անգամ այդ վիճակում նրանց ուրախ տրամադրությունը ապահովել։
«Շուշի գնալու գիշերը եղավ մեր վերջին հանդիպումը։ Ուշ երեկո էր արդեն, պատրաստվում էինք քնել, պառկած էր սենյակում։ Հանեցի քնից ու ասացի, որ մեզ տանում են, հնարավոր է սա մեր վերջին հանդիպումն է։ Գրկեցի, համբուրեցի, գրկելու ընթացքում ձեռքով խաչ արեցի մեջքին, ու ասեցի` «Զգույշ կլինես, դուխով, հետդ եմ, Աստված քո հետ, չվախենա՛ս», ցավոք, բայց դա իսկապես մեր վերջին հանդիպումն էր …»,- հիշում է Արմենը։ Շուշիում վիրավոր ընկերներին ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ Սերյոժան փորձել է նրանց հասցնել շտապօգնության մեքենայի մոտ և վերադառնալով մարտի դաշտ՝ վիրավորվել է նաև ինքն ու հերոսաբար ընկել Շուշիի մարտերում։

Անմահ հերոս Սերյոժա Մխոյան

 

Սերյոժա Մխոյան

Սերյոժա Մխոյան

2002-02-22 - 2020-11-08