Արտյոմ Միրզոյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 14-ին Բաքու քաղաքում։ 1988 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Աբովյանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես դասակի հրամանատար։
2001-2004 թվականներին եղել է վաշտի հրամանատար։ 2004-2009 թվականներին ծառայությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես գումարտակի հրամանատար։ 2010 թվականին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ որպես գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ։ 2014 թվականին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ որպես գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ։
2015 թվականին հիմնել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվո պահակախումբը։ Վերջինս հատուկ կառույց է, որը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցառումներին և պետական պատվիրակությունների դիմավորման արարողություններին։
2016 թվականին Միրզոյանը ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում։ 2018 թվականից ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում՝ հասարակական կարգի պահպանության 1033 զորամասում' որպես հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ։
2020 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում՝ լինելով Ջրականում, Քարվաճառում, Շուշիում։ 2020 թվականի նոյեմբերի 5-ին զոհվել է Շուշիի պաշտպանության ժամանակ։